Մատչելիության հղումներ

Գայլերի հարձակման դեպք Գորիսում. ինչո՞ւ են բնակավայրեր հասել

Նախօրեին գայլի հարձակումից հետո Գորիսի ԲԿ տեղափոխված 3-ամյա փոքրիկը դեպքի պահին Գորիսի իրենց տան բակում խաղալիս է եղել: Տղայի դեմքը, ականջը վիրակապերի մեջ է:

Նա գայլի հարձակումից միակ տուժածը չէ. երեկ երեկոյան Գորիսի հիվանդանոցը գիշատչի ժանիքների տակ ընկած ևս հինգ հոգու է ընդունել: Շտապօգնության մեքենայով առաջինը հիվանդանոց հասած 72-ամյա տղամարդու վիճակը ծանր է։ Գայլը նրա դեմքի նույնիսկ ոսկրերն է վնասել, հոշոտել փափուկ հյուսվածքները։

«Տեղափոխել ենք Էրեբունի բժշկական կենտրոն, որովհետև այնտեղ դեմքի խոշոր նյարդերի վնասումներ... մեր մոտ վիրահատական միջամտությունը արել է դիմածնոտային վիրաբույժը։ Նույն վերքերը նորից, կարել, ծանր էր բավական վիճակը։ Դեմքից որ կծել է, ոսկրեր, բաներ, կոտրատվել է դեմքի, ստորին ծնոտի, ու այտից կտոր էր պոկել», - ներկայացրեց Գորիսի ԲԿ-ի փոխտնօրեն Լևոն Հարությունյանը:

Էրեբունի բուժկենտրոնում նրան նաև պլաստիկ վերականգնողական վիրահատություն է սպասվում: Գորիսի բուժկենտրոնի փոխտնօրենի տեղեկացմամբ՝ ծանր վնասվածքներով այս տղամարդուց հետո իրենց մեքենաներով Գորիսի հիվանդանոց են հասել մյուս տուժածները՝ մարմնի տարբեր հատվածների արյունահոսող վերքերով։ Բոլորը նույնն են ասել՝ գայլեր։

Քարահունջ բնակավայրից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս, ըստ տուժածների, սա է եղել գայլի, թե՞ գայլերի երթուղին։ Խոսում են, որ տարածքում երեք գայլ է պտտվել, բայց բոլորը միայն մեկին են տեսել՝ նույնի՞ն, թե՞ տարբեր են, հայտնի չէ։

Մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ստացած տղամարդուն գայլը վրա է հասել Քարահունջի իր տան բակում։ Որդին բահով մոտակայքում է եղել, այդպես փրկվել է։

Գորիսի հիվանդանոցի փոխտնօրենի տեղեկացմամբ՝ այսօր արդեն գայլի հարձակումից տուժած հինգ քաղաքացիներ, փոքրիկը նույնպես, վիրակապերով տուն են գնացել, բայց դեռ բժիշկների հսկողության տակ կլինեն։ Ստացել ու դեռ էլի են ստանալու կատաղության ու փայտացման դեմ պատվաստումներ։

Ինչո՞ւ են այս գազանները բնակավայրերում մարդկանց հասել

Փոխտնօրեն Հարությունյանը, որ ավելի քան 30 տարի Գորիսի հիվանդանոցում է աշխատում, գայլի հարձակում մարդու վրա չի հիշում։ Այսպիսի դեպք չի մտաբերում նաև կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մամիկոն Ղասաբյանը։ Նա տասնամյակներով ողնաշարավոր գիշատիչներին, գայլերին է ուսումնասիրում։

«Ինչ-որ պրոբլեմ կա էդ գայլի հետ։ Կամ իրան վտարել են, ինքը մենակ ա մնացել, մենակ չի կարում որս անի: Դրա համար մոտիկանում են գյուղերին, գյուղերից են փախցնում իրենց ուտելիքը», - ասաց Ղասաբյանը։

Միայնակ գայլն արդեն իսկ խնդրահարույց է, ասում է մասնագետը։ Նա կամ ծեր է ու վտարվել է ոհմակից։ Կարող է նաև վտարված երիտասարդ արու լինել։ Ղասաբյանը բացատրում է այս վտարված միայնակ գայլերը որս անել չեն կարող, ոչխարների հոտին միայնակ մոտենալ չեն կարող, մնում են շները, հավերը, մարդիկ։

Տեսանյութում պատկերված այս գայլը, որ սուրում է Գորիսի փողոցներով, ծեր չէ։

Մասնագետը չի բացառում, որ թե՛ այս գայլը, թե՛ մյուսները, որ հարձակվել են մարդկանց վրա, կատաղության վիրուս ունենան։ Սա վտանգավոր, վարակիչ վիրուս է։

Վտանգավոր գիշատիչները Գորիսից, Քարահունջից հեռացե՞լ են, թե՞ շարունակում են որս փնտրել։ Հայտնի է միայն այն, որ մի գայլ երեք վնասազերծվել է, մյուսները որոնվում են։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG