Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր վստահեցրել է՝ Սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց հստակ ժամկետ չի նշել, թե երբ կհրապարակվի:
Մինչդեռ մեկ ամիս առաջ նա վստահեցրել էր՝ Մայր օրենքի տեքստը մարտին կհրապարակվի:
«Կհրապարակվի այն ժամաանկ, երբ տեքստը պատրաստ կլինի հրապարակման: Դեռ հրապարակման համար պատրաստ չէ»,-ասել է նախարարը:
Սահմանադրության նոր նախագծի ինտրիգը նախաբանն է: Արդյոք նոր տեսքստում թողել են Հայաստանի անկախության հռչակագրի հղումը՝ Գալյանն այսօր էլ ուղիղ չի պատասխանել:
«Տեքստի նախաբանը կա: Այո, մի քանի տարբերակ կա, տեքստը հրապարակված չէ, կհրապարակվի, կտեսնեք», - նշել է նա:
Վարչապետ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ միայն իր գլխավորած ուժն է կողմ, որ հղումը հանեն Սահմանադրությունից: Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագիրը որակել է կոնֆլիկտածին:
Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա, Բաքվի գնահատմամբ, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:
Հայաստանի սահմանադրական դատարանը վճռել էր, որ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի և այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում: