Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ կյանքի որակի վատթարացման։ Երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միայն երեկ ցույցերին մասնակցել է 410 հազար մարդ, որոնցից 110 հազարը՝ Փարիզում։
Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (CGT), իր հերթին, ցուցարարների թիվը գնահատում է 800 հազար, այդ թվում՝ 250 հազար մարդ մայրաքաղաքում։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ շաբաթվա ընթացքում ձերբակալվել է շուրջ 1000 մարդ։
«Ակնհայտ է, որ այս թիվը կավելանա, երբ ամփոփենք արդյունքները։ Հոկտեմբերի 17-ին, նույն ժամին, մենք ունեցել էինք 385 ձերբակալություն», - ասել է նա։
Ինչպես բողոքի նախորդ օրերին, ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Հաղորդվում է ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների շրջանում տուժածների մասին։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի վերջին։ Սկզբում դրանց հիմնական մասնակիցները դպրոցականներն էին, որոնք պահանջում էին բարելավել կրթության որակը և ավելացնել պետական դպրոցների ֆինանսավորումը։
Հետագայում նրանց միացել են ուսանողները, ծնողներն ու մանկավարժները, ընդլայնվել են թե՛ բողոքի ակցիաների օրակարգը, թե՛ մասնակիցների շրջանակը։ Ցույցերին միացել են արհմիությունները, հասարակական և քաղաքական ակտիվիստները, «դեղին բաճկոնները» և քաղաքացիների այլ խմբեր, որոնք դժգոհ են գների բարձրացումից, սոցիալական ոլորտի պետական ֆինանսավորման կրճատումից, հանրային ծառայությունների անկումից և ոստիկանության բռնություններից։