Ֆուտբոլի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի, ինչպես նաև աշխարհի 2026 թվականի առաջնությունը հյուրընկալող ԱՄՆ և Մեքսիկայի հավաքականները խմբային մրցաշարի վերջին՝ երրորդ տուրից առաջ արդեն ապահովել են իրենց մասնակցությունը փլեյօֆ փուլին:
Երկու խաղից հետո 6-ական միավորով Մեքսիկան առաջին տեղն է գրավել A խմբում, ԱՄՆ-ը՝ D խմբում, և Գերմանիան՝ E խմբում: Ընդ որում, գերմանացիները շաբաթ երեկոյան դժվարին պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան Կոտ դ՛Իվուարի ընտրանու նկատմամբ՝ երկրորդ գնդակը խփելով խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեների վերջին վայրկյաններին:
Երկրորդ տուրի հանդիպումները դեռ չեն կայացել 12 խմբերից 6-ում, որոնցից վաղաժամ փլեյօֆ անցնելու հնարավորություն ունեն Ֆրանսիան, Արգենտինան, Ավստրիան, Նորվեգիան, Կոլումբիան և Գանան:
Փլեյօֆում 32 թիմերից յուրաքանչյուր խաղում պարտվողը լքելու է առաջնությունը, հաղթողը շարունակելու է պայքարը:
Առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները կանցկացվեն հուլիսի 14-ին և 15-ին, եզրափակիչը՝ հուլիսի 19-ին: