FlyDubai ավիաընկերության ինքնաթիռի երկրորդ օդաչուն, որը սեպտեմբերի 30-ին փորձել էր առևանգել ինքնաթիռը, պլանավորել էր թռչել Թել Ավիվ և ինքնաթիռով բախել Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանին, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին:
Օդաչուն՝ Օմանի քաղաքացի Համամ ալ-Համամին, քննիչներին պատմել է, որ մտադիր էր ինքնաթիռի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել՝ սպանելով կամ անշարժացնելով հրամանատարին, ապա շարունակել իր սովորական երթուղով։
Ալ Համամին ասել է, որ դա իրեն թույլ կտար հասնել Թել Ավիվ՝ առանց ցամաքային անձնակազմի մոտ կասկածներ առաջացնելու և սովորական եղանակով վայրէջք կատարելու թույլտվություն ստանալ օդանավակայանից:
Այնուհետև նա պլանավորել էր ինքնաթիռն ուղղել օդանավակայանին, կամ, եթե դա անհնար լիներ, ապա բախվեր Իսրայելի մայրաքաղաքի բարձրահարկ շենքերից մեկին։
Ալ-Համամին ասել է, որ դա վաղուց էր պլանավորել, և որ հենց դա իրականացնելու համար էլ աշխատանքի է անցել այնպիսի ավիաընկերությունում, որը թռիչքներ է կատարում դեպի Իսրայել:
Նա արդեն մի քանի անգամ FlyDubai-ով թռել էր Թել Ավիվ, իսկ Բեն-Գուրիոն օդանավակայանում ուշադիր զննել շենքը և օդանավակայանը՝ հարձակումն ավելի մանրամասն պլանավորելու համար:
Ալ-Համամին արդեն հուլիսին է պատրաստ եղել իրականացնել հարձակումը, բայց փոխել է միտքը, քանզի որպես երկրորդ օդաչու իր ընկերոջն են նշանակել չվերթն իրականացնելու համար:
CBS-ը հաղորդում է, որ Համամ ալ-Համամին նախկինում աշխատել է Oman Air-ում, որտեղից նրան աշխատանքից ազատել են 2024 թվականին՝ իր ծայրահեղական հայացքների պատճառով: Ութ ամիս առաջ նա միացել է FlyDubai-ին: Աղբյուրը նշում է, որ ավիաընկերության ներքին անվտանգության բաժինը, ըստ երևույթին, մանրակրկիտ չի ստուգել նրա անցյալը նրան վարձելուց առաջ:
Ալ-Համամին ներկայումս ձերբակալված է Արաբական Միացյալ Էմիրություններում: Նրան հարցաքննում են ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի քննիչները, որոնք տեղեկություններ են փոխանակում իրենց իսրայելցի գործընկերների հետ:
Հետաքննիչները կարծում են, որ ալ-Համամին գործել է մենակ և ուղղակիորեն կապված չի եղել որևէ ահաբեկչական որևէ կազմակերպության հետ։
Սեպտեմբերի 30-ին, Դուբայից Թել Ավիվ թռչող FlyDubai ավիաընկերության 1073 չվերթի ժամանակ, որպես երկրորդ օդաչու թռչող ալ-Համամին հարձակվել էր ինքնաթիռի հրամանատար՝ Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարի վրա։ Ինքնաթիռում եղել է 182 մարդ, որոնց մեծ մասը՝ Իսրայելի քաղաքացիներ։
Ինքնաթիռը, կորցնելով կառավարումը, կտրուկ վայրէջք էր կատարել։ Չնայած լուրջ վնասվածքներին՝ Մաչհարը կարողացել էր բացել խցիկի դուռը։ Լսելով կռվի ձայնը՝ ուղևորները վազել էին խցիկ, զսպել հարձակվողին, կապել նրան ականջակալների լարերով և առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավոր Մաչհարին։ Ուղևորներից մեկին հաջողվել էր ինքնաթիռը դուրս բերել վայրէջքի վիճակից: Նա ավելի ուշ բացատրել էր, որ հաճախ է դիտում ավիացիոն հաղորդումներ հեռուստատեսությամբ և այդտեղից է սովորել որոշ բաներ։
Այնուհետև պահեստային անձնակազմի երկու օդաչուները, որոնք թռչում էին որպես ուղևորներ, ստանձնել են ինքնաթիռի կառավարումը և վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ օդանավակայանում: Բոլոր 174 ուղևորները և անձնակազմի ութ անդամները ողջ են մնացել: Ավիավթարի հրամանատարը հոսպիտալացվել էր, ալ-Համամին՝ ձերբակալվել, իսկ ուղևորները FlyDubai-ի մեկ այլ ինքնաթիռով տեղափոխվել էին Իսրայել:
ԱՄԷ դատախազը պաշտոնապես ահաբեկչության փորձ է ճանաչել հարձակումը FlyDubai-ի օդանավում: