Մատչելիության հղումներ

Վիրավոր օդաչուներ, փոփոխված չվերթ. ի՞նչ է տեղի ունեցել Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռում                          

Ուղևորները նստում են Flydubai-ի ինքնաթիռը, 30-ը սեպտեմբերի, 2026 թ., Թել Ավիվ, Իսրայել
Ուղևորները նստում են Flydubai-ի ինքնաթիռը, 30-ը սեպտեմբերի, 2026 թ., Թել Ավիվ, Իսրայել

Արաբական Միացյալ Էմիրություններից Իսրայել թռչող ուղևորատար ինքնաթիռն այսօր առավոտյան ստիպված է եղել փոխել ուղղությունն ու Թել Ավիվի փոխարեն վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքում: Պատճառն օդաչուների մասնակցությամբ միջադեպն է եղել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Տաբուկի օդանավակայանի փոխանցմամբ՝ վնասվածքներ են ստացել ինքնաթիռի հրամանատարն ու առաջին օգնականը, որոնք ինքնաթիռի վայրէջքից հետո անմիջապես հոսպիտալացվել են: Չվերթը սպասարկող Flydubai ընկերությունը հայտնել է, որ օդանավի բոլոր 174 ուղևորները ողջ են և առողջ:

Թել Ավիվ թռչող Flydubai ինքնաթիռում ուղևորները հավաքվել են վիրավոր օդաչուի շուրջ, 30-ը սեպտեմբերի, 2026 թ.
Թել Ավիվ թռչող Flydubai ինքնաթիռում ուղևորները հավաքվել են վիրավոր օդաչուի շուրջ, 30-ը սեպտեմբերի, 2026 թ.

Ի՞նչ է տեղի ունեցել ինքնաթիռում: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուներից մեկը, որն Օմանից է, փորձել է առևանգել ինքնաթիռը և կործանել այն, իսկ մյուսը փորձել է կանխել դա: Սակայն սա պաշտոնապես հաստատված տեղեկություն չէ:

Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են երկու օդաչուներն արնաշաղախ վիճակում պառկած գետնին, մինչ նրանց օգնություն են ցուցաբերում: Ներկաներից մեկն էլ հորդորում է չնկարահանել:

Մեկ այլ տեսանյութում ուղևորներից մեկը պատմում է, որ «իրենց հաջողվել է վնասազերծել հարձակվողին և պատրաստվում են վայրէջքի»:

Ականատեսները պատմել են, որ լսել են, թե ինչպես է դանակահարված օդաչուններից մեկն օգնություն խնդրում, ինչից հետո օգնության են հասել ուղևորները, գետնին գցել զինված տղամարդուն և կապել նրան: Այնուհետև պահեստային երկու օդաչուներն են ստանձնել օդանավի կառավարումը, որոնք մինչ այդ ինքնաթիռի ետնամասում են եղել:



Ավիաընկերությունը հայտնել է, որ դեռ պարզում են միջադեպի հանգամանքները և լրացուցիչ մանրամասներ կհրապարակեն հաստատվելուն պես:


Օդանավերի թռիչքներին առցանց ռեժիմով հետևող Flightradar24 ծառայության տվյալներով՝ Boeing 737 ինքնաթիռը երկու րոպեում կտրուկ՝ մոտ 5000 մետր բարձրություն է կորցրել և մոտ յոթ րոպե արտակարգ իրավիճակի ազդանշան է ուղարկել, ընդորում՝ մի պահ միացրել է նաև ինքնաթիռի առևանգման ազդանշանը: Flydubai ավիաընկերությունն առևանգման վարկածը չի մեկնաբանել:

Ուղևորներից մեկը հեռախոսով մանրամասներ է պատմել Թել Ավիվում գտնվող մորը, որն էլ Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում դրանք ներկայացրել է լրատվամիջոցներին:

«Ինքնաթիռը սկսել է կորցնել ղեկավարումը, բոլոր գոռգոռացել են՝ կարծելով թե մահանալու են: Մի քանի րոպե անց երկու այլ օդաչուներ են ստանձնել կառավարումը: Մի քանի ուղևոր վազել են դեպի տղամարդը, որը դանակով փորձել է սպանել օդաչուին: Նրանք բռնել են նրա ձեռքից և գետնին տապալել: Շուրջը շատ արյուն է եղել»,- պատմել է Յասմին Աբոըկասիսը:

Flydubai ընկերությունը նոր ինքնաթիռ է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ ուղևորներին Թել Ավիվ տեղափոխելու համար, որոնց մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ են: Իսրայելցի պաշտոնյաները միջադեպն ահաբեկչություն են որակել:

​
XS
SM
MD
LG