Մատչելիության հղումներ

Ֆլորիդան քրեական հետաքննություն է սկսել OpenAI-ի և ChatGPT-ի նկատմամբ

Ֆլորիդա նահանգը քրեական հետաքննություն է սկսել OpenAI ընկերության և դրա արհեստական բանականության ChatGPT հավելվածի նկատմամբ՝ կապված անցյալ տարի Ֆլորիդայի պետական համալսարանում տեղի ունեցած մահացու հրաձգության հետ։

Անցյալ տարվա ապրիլին զինված անձը Ֆլորիդայի պետական համալսարանում սպանել էր երկու մարդու և վիրավորել վեց այլ անձանց։ Ոստիկաները վնասազերծել էին հարձակվողին, որին առաջադրվել է սպանության և սպանության փորձի բազմաթիվ մեղադրանքներ։

«Չաթբոտը խորհուրդ է տվել հրաձիգին, թե ինչ տեսակի զենք օգտագործել, ինչ փամփուշտներ են համապատասխանում որ զենքին, և արդյոք զենքը կօգնի մոտ տարածության վրա։ Եթե էկրանի մյուս կողմում մարդ լիներ, մենք նրան էլ մեղադրանք կառաջադրեինք սպանության համար»,- ասել է Ֆլորիդայի նահանգի գլխավոր դատախազ Ջեյս Ուիթմեյերը։

Նրա գրասենյակի տվյալներով՝ հետաքննությունը կպարզի՝ արդյոք OpenAI-ը կրում է քրեական պատասխանատվություն ChatGPT-ի գործողությունների համար այդ հրաձգության համատեքստում։
OpenAI-ի խոսնակը ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել է, որ դեպքը ողբերգական է, սակայն ընկերությունը պատասխանատվություն չի կրում։

«Այս դեպքում ChatGPT-ն տվել է փաստական պատասխաններ՝ հիմնված հանրային աղբյուրներում լայնորեն հասանելի տեղեկատվության վրա և չի խրախուսել կամ չի նպաստել անօրինական կամ վնասակար գործողությունների»,- նշել է OpenAI-ի խոսնակը։

XS
SM
MD
LG