Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի նախագահ. Թրամփի զանգը չի ազդել ամերիկացի հարձակվողի որակազրկումը կասեցնելու որոշման վրա

ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զանգը ոչ մի կերպ չի ազդել ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկումը կասեցնելու որոշման վրա, ինչի դեմ Բելգիան բողոքարկում է ներկայացրել։

«ՖԻՖԱ-ի դատական մարմինները անկախ են», - պնդել է Ջաննի Ինֆանտինոն, հավելելով, թե նույնն է ասել նաև Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Ես բացատրեցի, որ գործը պատշաճ կերպով կլուծվի իրավասու մարմինների կողմից։ Այսպես է գործում ՖԻՖԱ-ի համակարգը, և սա սկզբունք է, որը ես միշտ կպահպանեմ», - նշել է նա։

24-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը Բոսնիա-Հերցեգովինայի հետ խաղի ժամանակ կարմիր քրատ էր ստացել՝ բոսնիացիների պաշտպան Թարիկ Մուհամերովիչի ոտքին հարվածելու համար և պետք է բաց թողներ առնվազն մեկ հանդիպում։ ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն, սակայն, երեկ հայտարարեց, թե մեկ խաղի որակազրկումը փոխարինում է մեկ տարվա փորձաշրջանով:

Լրատվամիջոցները հաղորդել էին, որ այդ որոշումը կայացվել էր Թրամփի հեռախոսազանգից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ խնդրել է ՖԻՖԱ-ի նախագահին վերանայել պատժամիջոցը։

«Ես միայն խնդրել եմ վերանայել այդ որոշումը, քանի որ չեմ կարծում, որ նա խախտում էր արել», - ասել է Թրամփը։

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն հատել է «կարմիր գիծը։ «Ֆուտբոլը, ինչպես ցանկացած այլ սպորտաձև, հիմնված է կանոնների վրա, որոնք արդար, ազնիվ և թափանցիկ մրցակցության հիմքն են։ Երբեմն կանոնները կարող են մեկնաբանվել։ Այս դեպքում՝ ոչ», - հայտարարել է եվրոպական կառավարող մարմինը։

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերն էլ պնդել է՝ «կարմիր քարտերը չեն չեղարկվում քաղաքական հեռախոսազանգերով, ֆուտբոլը երբեք չպետք է դառնա քաղաքական իշխանության խաղահրապարակ»։

Չնայած քննադատություններին՝ Ֆոլարին Բալոգունը կեսգիշերն անց խաղադաշտ դուրս կգա ԱՄՆ հավաքականի կազմում՝ 1/8-րդում ուժերը չափելով Բելգիայի հետ։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG