Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 9-ին Ա.Օ.-ն ֆեյսբուքյան իր էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, վերջինիս լուսանկարը տեղադրելով, անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել՝ այդ կերպ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով»:

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը», նշել է գերատեսչության տարածած մամլո հաղորդագրությունում:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG