Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Եվրոպայում նոր ռազմական դաշինք ստեղծելու գաղափարը, որը կարող է ներառել նաև Ուկրաինան, նպատակ ունի վախեցնել ու զսպել Ռուսաստանին։
Լավրովը այս հայտարարությունն արել է Պեկինում, որտեղ նա ավելի վաղ հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ ընդգծելով, որ այս քայլով նաև ԱՄՆ-ին ավելի մեծ ազատություն է տրվում պայքարելու Չինաստանի դեմ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
«Հասկանալի է, որ հենց այսպես է ԱՄՆ-ը ցանկանում Ռուսաստանի զսպման հիմնական պատասխանատվությունը տեղափոխել Եվրոպայի վրա, որպեսզի իրենց ձեռքերը ազատ լինեն չինական ուղղությամբ։ Նրանք դա չեն էլ թաքցնում։ Ահա թե ինչու են փորձում խթանել ոչ միայն քննարկումներ, այլ նաև գործնական քայլեր՝ նման ռազմական և, ինչպես նախապես հայտարարվում է, հակառուսական ռազմական բլոկ ստեղծելու ուղղությամբ՝ որի կազմում կլինի նաև Ուկրաինան», - ասել է Չինաստանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը։