Մատչելիության հղումներ

Եվրամիության առաջնորդները մարտի 19-20-ին կհանդիպեն Բրյուսելում

Եվրամիության առաջնորդները պատրաստվում են մարտի 19-20-ին հանդիպել Բրյուսելում: Օրակարգում աշխարհաքաղաքական ճգնաժամերն են և «համահունչ դիրքորոշում» գտնելու հարցը։

Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի (EPC) տնօրեն Ֆաբիան Ցուլեգի խոսքով՝ թեև Եվրոպան արդեն ազդարարել է, որ չի աջակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հետ կապված հակամարտությունում, առաջնորդները ստիպված կլինեն միասնաբար արձագանքել հնարավոր էներգետիկ ճգնաժամին՝ չքննարկելով Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնումն ավելի էժան գազի ներմուծման համար։

«Մենք դեռ պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ։ Մենք դեռ շարունակում ենք ունենալ այն շարունակական խնդիրը, որ Ռուսաստանի նավթի և գազի եկամուտները ֆինանսավորում են այս պատերազմը։ Դրա համար չեմ կարծում, որ այս պահին մենք մեծ փոփոխություն կտեսնենք։ Բայց սա մտահոգիչ է, քանի որ ցույց է տալիս, որ, անշուշտ, եթե լինի հրադադար, ճնշումը կավելանա։ Որոշ դերակատարներ ասելու են, որ պետք է վերադառնանք ռուսական գազից կախվածությանը, ինչը սխալ է»,- ասել է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի տնօրենը։

Ցուլեգը նաև նշել է, որ Կիևին աջակցությունը պահպանելու ջանքերը ԵՄ ներսում բախվում են քաղաքական խոչընդոտների, քանի որ Հունգարիան դեռևս արգելափակում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկը։

Կրեմլից հայտարարել են, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է քննարկել Ռուսաստանի մնացած նավթի և գազի հոսքերը Եվրոպայից տեղափոխելու հարցը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Պուտինը դեռ բաց է բանակցությունների համար, անկախ նրանից, թե որքան բարդ է թեման:

XS
SM
MD
LG