Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Ուկրաինային պաշտպանական կարիքների համար 6.1 մլրդ եվրո հատկացնելուն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

Եվրահանձնաժողովն այսօր հավանություն է տվել Ուկրաինային հակաօդային պաշտպանության և պաշտպանական այլ կարիքների համար ևս 6.1 միլիարդ եվրո տրամադրելուն:

Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ այդ միջոցները Կիևին կհատկացվեն հակաօդային և հրթիռներից պաշտպանության, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային պայքարի միջոցներ ձեռք բերելու համար:

«Ուկրաինան այժմ կարող է գնել Patriot սպառազինություն, որի կարիքը զգում է իր երկինքը ռուսական հարձակումներից պաշտպանելու համար: Մեր անդամ երկրների և ՆԱՏՕ-ի հետ միասին մենք շարունակելու ենք մատակարարումները Ուկրաինային՝ ուժեղացնելով Եվրոպայի պաշտպանությունը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Հատկացված միջոցները կուղղվեն ինչպես Եվրամիության, այնպես էլ Ուկրաինայի ընկերություններից սպառազինություն գնելուն: Մասնավորապես՝ դրանք Կիևին հնարավորություն կտան ձեռք բերել PAC-3 հրթիռներ Patriot համակարգերի համար:

Այս հատկացումը մաս է կազմում Ուկրաինային աջակցության 90 մլրդ եվրոյի փոխառության, որը ներառում է 30 մլրդ եվրո բյուջետային օգնություն և 60 մլրդ՝ 2026-2027 թվականների պաշտպանական ծախսերի համար: Սրանով 2026-ին պաշտպանության համար հաստատված 28.3 մլրդ եվրոն ամբողջությամբ հատկացված է, նշված է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանը ձգտելու է «կոտրել» Ուկրաինային՝ ուժեղացնելով հարվածները նրա ենթակառուցվածքներին առաջիկա ձմռանը: Կիևը դաշնակիցներին կոչ է անում հնարավորինս շատ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել իրեն, հատկապես՝ բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու կարողությամբ:

XS
SM
MD
LG