Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ՌԴ արտգործնախարարություն՝ Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը միակողմանիորեն փակելու այդ երկրի որոշման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր երկրի նկատմամբ թշնամական գործողությունների անընդունելիության մասին ռուսաստանյան դիրքորոշումը էստոնական կողմին հասցնելու համար Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը», - նշել է Զախարովան իր մեկնաբանությունում, որը հրապարակված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում:
«Ռուսաստանյան կողմը իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քաղաքական-դիվանագիտական միջոցները իր ազգային շահերի պաշտպանության համար», - հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը:
«Վստահ ենք, որ Ռուսաստանի շուրջ «սանիտարական պարիսպ» կառուցելու և նրան մեկուսացնելու փորձերը թանկ կնստեն դրանք նախաձեռնողների վրա», - պնդել է Զախարովան:
Էստոնիան հայտարարել է դեկտեմբերի 1-ից Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը փակելու մասին: Ըստ պաշտոնական Տալլինի՝ դա պատասխանն է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) գործողությունների, որը, ինչպես էստոնական կողմն է պնդում, կազմակերպել էր Threod Systems պաշտպանական ձեռնարկության հրկիզումը: