Մոսկվան հերքել է Էստոնիայի դեմ դիվերսիաներ կազմակերպելու մեղադրանքները՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը փակելու Տալլինի որոշումը կարող է հենց Էստոնիայի շահերին հակասել։
«Էստոնիան պատ է կառուցում։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը, բազմաթիվ երկրներ են պատեր կառուցել, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցրել դրանք կառուցողների համար»,-լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով՝Մոսկվան չի կարող դրանք լուրջ ընդունել։
Էստոնիան կիրակի հայտարարել էր, որ դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը։ Այդ որոշումը հաջորդել էր անօդաչու թռչող սարքերի գործարանի հրկիզման փորձը կանխելու մասին հայտարարությանը։ Տալլինի պնդմամբ՝ հարձակման փորձի հետևում կանգնած է եղել Ռուսաստանի ռազմական հետախուզությունը՝ ԳՌՈՒ-ն։
«Այս հայտարարությունները որևէ հիմք չունեն։ Ո՛չ ապացույց կա, ո՛չ որևէ այլ բան», - ասել է Պեսկովը։
Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Էստոնիան Ռուսաստանի հետ ունի երեք սահմանային անցակետ՝ Նարվայում, Լուհամաայում և Կոյդուլայում, որոնցով հնարավոր է մարդկանց և ապրանքների տեղաշարժը երկու երկրների միջև։
Ռուսաստանը 2024 թվականի փետրվարին դադարեցրել է Նարվայի անցակետով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն հետիոտների անցումը թույլատրվել է։
Այս անցակետերը Ռուսաստանի և Եվրամիության միջև գործող ցամաքային հաղորդակցության սակավաթիվ ուղիներից են՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։