Ազգային ժողովում երկուշաբթի օրը՝ օգոստոսի 24-ին, կքննարկի կառավարության գործունեության ծրագիրը:
ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց. «Կառավարության ծրագիրը քննարկելուց ու ավարտելուց հետո մենք կվերսկսենք այն կիսատ մնացած օրակարգային հարցերը, որոնք մինչ այդ չենք հասցնի քննարկել»:
Սա, ըստ էության, նշանակում է, որ եթե նույնիսկ հանձնաժողովի նախագահների ընտրության հարցն այսօր չավարտվի, ապա դա կշարունակեն քննարկել արդեն կառավարության գործունեության ծրագրի քննարկումից հետո:
Խորհրդարանն այժմ քննարկում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» մեկ այլ թեկնածուի ընտրության հարցը: Այս պաշտոնում ընդդիմադիր խմբակցությունը նախօրեին ներկայացրեց Լիաննա Մանուկյանի թեկնածությունը:
Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների թեկնածուներն ընտրվեցին Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներ, «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր երեք թեկնածուներն էլ չընտրվեցին:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանի, Տարածքային կառավարման հանձնաժողովում՝ Դավիթ Ղազինյանի, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում՝ Արեգա Հովսեփյանի թեկնածություններն էր առաջադրել:
Առանց ՔՊ-ի ընդդիմադիրներն ընտրվելու շանս չունեն: «Ուժեղ Հայաստան»-ը, որին պատկանում է երեք հանձնաժողովներում թեկնածու առաջադրելու իրավունքը, արդեն փոխել է իր մի թեկնածուին, մյուս երկու հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուների անունները չեն հրապարակում: Խմբակցության քարտուղարն այսօր հստակ չպատասխանեց նաև «Ազատության» այն հարցին, թե փոխելո՞ւ են մյուս երկու թեկնածուներին, թե ոչ