Խորհրդարանում ավարտվել է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը: Արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Հայկ Ֆարմանյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը: Կողմ՝ 40, դեմ՝ 61 ձայների հարաբերակցությամբ Ֆարմանյանը չի ընտրվել այս պաշտոնում:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանից» Արեգա Հովսեփյանի ընտրությանը ևս մասնակցել է 102 պատգամավոր: Դեմ՝ 62, կողմ 40 ձայներով նա չի ընտրվել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
«Ուժեղ Հայաստանից» Դավիթ Ղազինյանը ևս չի ընտրվել՝ կողմ 40, դեմ 62 ձայներով: Նա առաջադրվել էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացրեց Լիանա Մանուկյանի թեկնածությունը:
«Առաջադրումները կանենք առանձին՝ առանձին: Կարծում եմ՝ քվեարկությունն էլ այդպես կանենք: Կուզենամ մեր գործընկերների հայտնել՝ քանի որ մեր հանձնաժողովների նախագահների մեր առաջադրած մեր նախագահները չեն ընտրվել, կարծում եմ, խնդիրն այն է, որ մենք լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը, համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են: Այդ պատճառով, մենք գնում ենք այն ճանապարհով, որ ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես հանք ելույթներով ու հարցերով», - ասաց Կարապետյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը հայտարարեց՝ «բաց քվեարկության արդյունքներով որոշում է կայացվել անհատապես՝ յուրաքանչյուր թեկնածուի մասով, թե ում ենք կողմ քվեարկելու»:
«Ուժեղ Հայաստան»-ի երեք ներկայացուցիչների դեպքում ավելի շատ մարդիկ մեր խմբակցությունից քվեարկել են դեմ, քան կողմ, և անհատական է եղել, այսինքն խմբային չի եղել որոշում, անհատական յուրաքանչյուր թեկնածուի մասով դրվել է քվեարկության, և քվեարկության արդյունքներում որոշում է կայացվել ի վերջո, որ այդ երեք թեկնածուներին չենք քվեարկում, իսկ «Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Լիլիթ Գալստյանին բավարար ձայներ ենք ապահովելու», - նշեց Հակոբյանը:
«Ընդհանուր մեկ որոշում չի եղել՝ այս պատճառով չենք որոշում, յուրաքանչյուրը իր հիմնավորումներն է բերել: Ելույթները և այն հարցադրումները, որոնք հնչել են և դրանց տրված պատասխանները մեզ չեն գոհացրել» - նշեց նա:
«Հայաստան» խմբակցության ու ՔՊ-ի թեկնածուներն ընտրվել են
«Քաղաքացիական պայմանագրից» Տրդատ Սարգսյանը կողմ 62, դեմ 29 ձայներով ընտրվեց Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը՝ կողմ 62, դեմ 29 ձայնով:
Սիսակ Գաբրիելյանն ընտրվեց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրան կողմ քվեարկել է 61 հոգի, դեմ՝2: 29 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 62 կողմ, դեմ 28:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի իշխող ուժից Լուսինե Բադալյանը՝ կողմ 26, դեմ 29 ձայներով:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը: Նրա օգտին քվեարկել է 62 հոգի, դեմ՝ 29:
«Քաղաքացիական պայմանագրի» Վիլեն Գաբրիելյանն ընտրվել է Պաշտպանության և անվտանգության հացերի հանձնաժողովի նախագահ՝ 62 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն ՔՊ-ից Բաբկեն Թունյանն է: Նա ընտրվել է 62 կողմ ձայնով:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ ընտրվել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը՝ կողմ 54, դեմ 47 ձայներով: