Հայաստանն ինչպես նախկինում, այսօր էլ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը, X-ի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Վերջին օրերին Բաքուն պարբերաբար Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահնջում՝ պնդելով, թե Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունը 25 տոկոս է կազմում։ Բաքուն նաև միջազգային հանրությանն է կոչ արել «ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները փոխանցելու համար»։
2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շոշափելի քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունից վեց օր անց 32 գերիներ հայրենադարձվեցին Հայաստան։
Պաշտոնական Երևանն էլ 2024-ի հունվարի 26-ին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին, սակայն Բաքվի արձագանքը խիստ բացասական և հեգնական էր․ Բաքուն պնդեց, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է՝ շեշտելով՝ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի են ունեցել այն տարածքներում, որոնց վերաբերյալ Հայաստանը քարտեզներ չի տրամադրել։ Երևանն էլ արձագանքեց՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան և որ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։
Բադալյանն այսօր վերահաստատել է՝ «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան: