Մատչելիության հղումներ

«Լավ շենք էր, տիրություն չարին». խոշոր հրդեհ «Կանազ» մշակույթի տանը

Հրդեհը «Կանազ» մշակույթի տանը, Երևան, 25-ը մարտի, 2026թ.
Հրդեհը «Կանազ» մշակույթի տանը, Երևան, 25-ը մարտի, 2026թ.

«Երևանին է վերադարձել «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը, շնորհավորում եմ մեզ այդ առիթով». - պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված «Կանազ» մշակույթի տան՝ քաղաքապետարանին վերադարձնելու համար Տիգրան Ավինյանի շնորհավորանքներից երկու տարի անց, 1958 թվականին կառուցված բացառիկ շենքը կրակի ճիրաններում հայտնվեց, խոշոր հրդեհ բռնկվեց երեկ երեկոյան:

Այժմ մշակույթի տան միայն արտաքին պատերն ու ճակատն են կանգուն ու քիչ թե շատ անվնաս մնացել, ներքին հարդարանքն ամբողջությամբ վնասված է, տանիքը՝ փլված:

Թե ինչու ու ինչ հանգամանքներում է բռնկվել հրդեհը, առայժմ պարզ չէ: Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել հրկիզման եղանակով գույքը վնասելու հոդվածով, իրավապահները հայտնում են՝ համալիր փորձաքննություն կանցկացնեն: Կա՞ն մեղադրյալներ, ովքե՞ր են ներգրավված անձինք, Քննչականը մանրամասներ չի հայտնում՝ տեղեկացնելով, որ այժմ նախաքննություն է ընթանում:

Մեկ բան, սակայն, պարզ է. չնայած քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ մշակույթի տունը հիմնանորոգելու՝ երկու տարի առաջ արած հայտարարությանը, բացառիկ կառույցն այդ շրջանում անուշադրության է մատնվել:

«Պետք է խնդրեմ՝ նոր հանձնարարական ֆիքսենք ամբողջ համալիրի հիմնանորոգման համար, որպեսզի նաև քննարկենք հետագա օգտագործման նպատակները համալիրի», - հայտարարել էր Ավինյանը:

«Համենայն դեպս, տիրություն անող չեղավ, ոչ միայն չեղավ, այլ՝ բոմժեր, էրեխեք, խուլիգաններ՝ տարբեր մարդիկ լցված էին էնտեղ, զիբիլանոց էին դարձրել». -
Աշոտ Ստեփանյանը տեսել է, թե ինչպես է հրդեհվել շենքը. վարկած ունի, որ գուցե կոտրված ու բաց դռներով ներս ու դուրս անող մարդկանց արածի հետևանք է:

«Էս դուռը տեսնո՞ւմ եք՝ էդ դռնից մուտք ու ելք, էն դիմացի բաները տեսել եք երևի, քանդել են, էս անկյունից մուտք ունեն էլի տարբեր տեսակի, երևի գիտեք, անգործ մարդիկ», - «Ազատությանը» ասաց Ստեփանյանը:

Այն, որ Արաբկիրի «Լամբադա» կամրջի հարևանությամբ գտնվող կառույցը, որը նախկինում մայրաքաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մասնիկն էր, հիմա լքված է, տարբեր մարդիկ էլ ակտիվորեն ներս ու դուրս են անում, վկայում են պատերին արված մեծաթիվ գրությունները` «Ասա պանիր»-ից մինչև «Ինձ գոնե մի քիչ ջերմություն տուր»:

Ինչո՞ւ քաղաքապետարանը իր ենթակայության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանը պահպանելու ուղղությամբ քայլեր չէր ձեռնարկել, ինչո՞ւ տարածքը չեն հսկել. հարցերը շատ են, քաղաքապետարանի տարածած պարզաբանման տեքստում, սակայն, հստակ պատասխաններ չենք գտնում: Ընդունում են՝ շենք տարբեր մարդիկ են մտել-դուրս եկել, դրան հակազդելու իրենց գործողությունների մասին՝ ոչ մի խոսք.

«Համայնքային սեփականության իրավունքի վերականգնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքներ դեռ չէին սկսվել, և պարբերաբար ապօրինի շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին»:

«Ազատության» ճշտգրող հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել քաղաքապետարանը, հավելեցին՝ կարգազանցները փականը կոտրել են, իրենք իմացել ու վերականգնել են, հետո էլի կոտրել են, իրենք` դարձյալ վերականգնել: Այսինքն` քաղաքապետարանը պատմամշակութային հուշարձանը հսկել է միայն փականներ վերականգնելով:

Թաղամասի բնակիչները սրտացավ են մշակույթի տան նկատմամբ ու ահազանգել են տեղի ունեցողի մասին: Լյովա Վարդանյանը մի քանի ամիս առաջ ուղիղ ոստիկանություն էր գնացել այս հարցով, սակայն` ոչ մի արձագանք. - «Ասել եմ` «եկեք տիրություն արեք, էլի, դռները ջարդում են, քաշում են»: Չեկան, դե լավ շենք էր, տիրություն չարին, տենց անտերուդուս»:

Վարդանյանը նույնիսկ ցանկացել է անձամբ հսկել շենքը, սակայն չգիտեր՝ ում դիմեր այդ հարցով. - «Ես ուզում էի էդտեղ պահակ աշխատեի, որ գոնե ձեռք չտան, մարդ չկար, որ ասեի, թաղապետ գնամ, ինձ չեն լսի, բան չեն անի»:

Մշակութային համալիրը 2017-ին տասը տարով անհատույց օգտագործման էին տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի ղեկավարած հիմնադրամին, նա խոստացել էր ներդրումներ կատարել ու շենքը դարձյալ մշակութային աշխույժ կենտրոն դարձնել: Տարիներ անց, սակայն, քաղաքապետարանը վերադարձրել էր շինությունը՝ պնդելով, թե ներդրումները չեն իրականացվել: Բնակիչները, մինչդեռ, պատմում են՝ Թոխատյանի հիմնադրամը գոնե գործ արել է, իսկ քաղաքային իշխանությունները՝ ոչինչ:

«Թոխատյանը էդ կռիշը սարքեց ու թողեց գնաց, կռիշը արել ա», - նշեց Լյովա Վարդանյանը:

Քաղաքապետարանը հայտարարում է, թե իրենց համար «Կանազ» մշակույթի տան վերականգնումն օրակարգային է, վստահեցնում են՝ նոր նախագծով պահպանելու են շինության ճարտարապետական տեսքը, այն իր դռները վերաբացելուց հետո կշարունակի որպես կրթական հաստատություն գործել, որտեղ կսովորեն հարյուրավոր երեխաներ: Ե՞րբ կհիմնանորոգվի մշակույթի տունը, որքա՞ն գումար կպահանջվի, ու ովքե՞ր կիրականացնեն այս աշխատանքները. քաղաքապետարանից հայտնում են՝ այժմ քննարկումներ են ընթանում:

XS
SM
MD
LG