Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի՝ Անկարայում երեկ ավարտված գագաթնաժողովից հետո հյուրերից յուրաքանչյուրին անսովոր հրաժեշտի նվեր է հանձնել՝ վինտաժային ատրճանակ և մարտական փամփուշտներ, հաղորդում է Reuters-ը` հավելելով, որ հյուրերից շատերին է այն անակնկալի բերել։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի գրասենյակի կողմից տարածված լուսանկարներում երևում է 1990-ականներին թուրքական MKE-ի կողմից արտադրված հազվագյուտ, վեց փամփուշտանոց Gumusay .357 Magnum-ը։ Ատրճանակը դրված է փայտե տուփի մեջ, որի վրա պատկերված են Թուրքիայի դրոշը և ՆԱՏՕ-ի լոգոն, ինչպես նաև թուրքերենով ու անգլերենով երկտող՝ «Սա մեր երկրում արտադրված առաջին ատրճանակն է»։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի խոսնակը հայտարարել է, որ գագաթնաժողովի մասնակից բոլոր առաջնորդներին տրվել է նույն ատրճանակի մոդելը՝ նրանց անունների փորագրությամբ։
Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերը նվերը հանձնել է Բրյուսելի օդանավակայանի ոստիկանությանը, Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին էլ խոստացել է իր նվերը պահպանության հանձնել։ «Իհարկե, ոչ ոք այն գործի չի դնի», - վստահեցրել է նախագահի խոսնակը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, թե մտադիր է իր ատրճանակը նվիրաբերել ռազմական թանգարանին։
«Էրդողանը այս քայլով ցանկանում էր ցուցադրել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը, որը դարձել է արտահանման և արտաքին քաղաքականության հիմնական ճյուղերից մեկը», - հաղորդում է Reuters-ը: