Մատչելիության հղումներ

Եմենում նախագահական պալատին հութիների հարվածներից 2 մարդ է զոհվել

Եմենի կառավարական զորքի զինվորը կրակում է մեքենայի վրա տեղադրված զենքից, 5-ը հոկտեմբերի, 2026թ. Դհուբա, Եմեն
Եմենի կառավարական զորքի զինվորը կրակում է մեքենայի վրա տեղադրված զենքից, 5-ը հոկտեմբերի, 2026թ. Դհուբա, Եմեն

Եմենի հարավային Ադեն նավահանգստային քաղաքում գտնվող նախագահական պալատի վրա հութիների հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է երկու անվտանգության աշխատակից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Եմենի տեղեկատվության նախարար Մուամմար ալ-Իրիանին BBC-ին ասել է, որ հինգ բալիստիկ հրթիռ է արձակվել Ալ-Մաաշիկ պալատի վրա։ Վարչապետը և մյուս նախարարները չեն տուժել, սակայն շատերը վիրավորվել են։

Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան ասել է, որ հարվածը ուղղված էր «Ադենում գտնվող Սաուդյան Արաբիայի թշնամու ռազմական գործողությունների շտաբի դեմ»։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան աջակցում է Եմենի կառավարությանը և օդային աջակցություն է ցուցաբերում կառավարամետ ուժերին Իրանի աջակցությունը վայելող հութի ապստամբների դեմ ուղղված հարձակմանը։

Եմենի վարչապետ Շայա ազ-Զինդանին դատապարտել է Ադենի վրա հութիների հարձակումը՝ այն անվանելով «հանցավոր գործողությունների շարունակություն»։

Նա վստահեցրել է, որ կառավարությունը շարունակում է կատարել իր պարտականությունները: Նաև ընդգծել, որ հարձակումը չի թուլացնի կառավարական ուժերի վճռականությունը՝ շարունակելու հութիների դեմ ռազմական գործողությունները Եմենի հարավարևմտյան ափին՝ Կարմիր ծովի երկայնքով և ռազմաճակատի այլ հատվածներում։

Հութիները նախկինում հերքել էին իրենց մասնակցությունը Սաուդյան Արաբիայի վրա հինգշաբթի տեղի ունեցած հարձակմանը: Դրանից առաջ Էր-Ռիադի գլխավորած կոալիցիան հայտնել էր, որ իրենց ուժերը թևավոր հրթիռ են որսացել Մեդինայի մոտակայքում, որը իսլամական ամենասուրբ վայրերից մեկն է:

Հութիները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին, նավթագազային օբյեկտներին և ռազմական բազաներին՝ ի պատասխան Եմենի արևմտյան մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայում, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա հարձակումների։

Շաբաթ Էր-Ռիադի Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի վրա հութիների հրթիռային հարվածի հետևանքով 13 մարդ էր զոհվել։ Սա Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ամենաարյունալի հարձակումն էր վերջին տասնամյակում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG