Եմենում վերջին շաբաթներին կատաղի մարտերի հետևանքով ավելի քան 200 հազար մարդ է տեղահանվել, այսօր հաղորդել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Կազմակերպությունը տագնապահարույց է որակել Եմենի կառավարական ուժերի և հութի զինյալների միջև վերսկսված մարտերի հետևանքով առաջացած ճգնաժամը, ընդգծելով, որ սեպտեմբերի կեսերին տեղահանվածների թիվը 76 հազար էր, իսկ այսօրվա դրությամբ գերազանցում է 200 հազարը:
«Մարդիկ փախչում են իրենց կյանքը փրկելու համար և ապահով տեղ չեն գտնում գնալու», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Էյմի Փոուփը և պարենի ու ապաստարանի աճող կարիքներ ունեցող մարդկանց օգնության համար ավելի մեծ ֆինանսավորման կոչ արել:
Եմենում այս շաբաթներին ամենամեծ էսկալացիան է 2022 թվականին ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված հրադադարից հետո:
Հութիները, որոնք արդեն վերահսկում են Եմենի հյուսիսի մեծ մասը՝ ներառյալ մայրաքաղաք Սանան, անցած ամիս գրավեցին նաև երկրի՝ Կարմիր ծովի առափնյա ամբողջ հատվածը:
Կիրակի օրը Եմենի նախագահը հայտարարեց հութիների դեմ լայնածավալ հակահարձակում սկսելու մասին:
Անցած ուրբաթ օրը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարեց, որ Եմենի տարբեր շրջաններում յուրաքանչյուր չորս ընտանիքից երեքը քաղցած է ռազմական գործողությունների հետևանքով: