Ռուսաստանում գործող կազմակերպություններին և Ռուսաստանում բնակվող անհատներին թույլ չի տրվի մասնակցել Erasmus+ ծրագրի շրջանակում իրականացվող որևէ գործունեության «որևէ կարգավիճակով», ասվում է Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած 2027-ի պլանավորման ուղեցույցում։
Բացի դրանից՝ Ռուսաստանում բնակվող անձինք այլևս իրավունք չունեն ստանալու կրթաթոշակներ եվրոպական համալսարաններում Erasmus Mundus Joint Master (EMJM) համատեղ մագիստրոսական ծրագրերի համար՝ անկախ քաղաքացիությունից։
Փաստաթղթում չի նշվում, թե արդյոք նոր սահմանափակումները կազդեն այն կրթաթոշակների և նախագծերի վրա, որոնց ֆինանսավորումն արդեն հաստատվել է։
Erasmus-ը գոյություն ունի ավելի քան 30 տարի
Erasmus ծրագիրը գոյություն ունի ավելի քան 30 տարի։ 2014-ից 2021 թվականներին դրան մասնակցել է Ռուսաստանից մոտ 13,200 ուսանող և հետազոտող։
Հոկտեմբերի 22-ին Եվրոպական խորհրդարանն աջակցեց 2028–2034 թվականների համար ծրագրի բյուջեի մինչև 47.4 միլիարդ եվրո ավելացումը: Վերջնական գումարը դեռ պետք է համաձայնեցվի ԵՄ անդամ պետությունների հետ:
2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, ԵՄ խորհուրդն արգելեց Ռուսաստանի պետական կազմակերպություններին ֆինանսական և այլ աջակցություն ցուցաբերել ԵՄ բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում։
Նոր պատժամիջոցներ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ Բրյուսելում հայտարարեց, որ Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փուլի առաջարկները կներկայացնի հաջորդ շաբաթ։
«Պատժամիջոցներն աշխատում են։ Դրանք հանկարծակի հարված չեն հասցնում Ռուսաստանի տնտեսությանը, բայց խարխլում են դրա հիմքերը», - ասել է նա Ուկրաինայի համար աջակցության նոր գործիքին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ բազմաթիվ ցուցանիշներ վկայում են Ռուսաստանի տնտեսության վատթարացող հեռանկարի և լուրջ դժվարությունների մասին։ Նա չի մանրամասնել, թե նոր փաթեթում կոնկրետ ինչ միջոցառումներ են ներառված։