Մատչելիության հղումներ

ԵՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա․ Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետը Երևանում, 20-ը օգոստոսի, 2025թ.
ՌԴ փոխվարչապետը Երևանում, 20-ը օգոստոսի, 2025թ.

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ռուսական Առաջին ալիքի եթերում զգուշացրել է՝ Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ՀՀ-ն ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։

«Եվրոպական Միության երկրների հետ հիմա ավիահաղորդակցություն չկա։ Սա նշանակում է, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա», - ասել է փոխվարչապետը։

Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն պաշտոնական Երևանի կողմից Եվրոպական Միության հետ մերձեցման վերաբերյալ ընդունված որոշման հնարավոր հետևանքները։

«Գուցե շատ կոշտ է հնչում, բայց մենք ցանկանում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա, քանի որ ընդունվել են Եվրոպական Միության հետ մերձեցման որոշումներ», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Պաշտոնական Երևանը հայտարարել է՝ նպատակ ունի ի վերջի անդամակցել Եվրոպական Միությանը։ Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ հնարավոր չէ։

Փաշինյանը պատասխանել էր․ «Այն, ինչ մենք անում ենք, և մեր օրակարգը որ ունենք, այս պահին համատեղելի են, և քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգերը համատեղել, մենք կհամատեղենք: Երբ հնարավոր չլինի, ու պետք լինի որոշում կայացնել, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն»։


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG