Եվրամիության դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակը, որում ընդգրկված է 826 կազմակերպություն և 743 ֆիզիկական անձ. սա աննախադեպ է պատժամիջոցների միաժամանակյա ընդլայնման առումով:
Բոլոր այդ կազմակերպությունները կապված են ռուսաստանյան ռազմական արդյունաբերության հետ, իսկ ֆիզիկական անձինք դրանց ղեկավարներ և աշխատակիցներ են, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Սիստեմա» հետաքննական նախագիծը: Կազմակերպությունների մի մասի նկատմամբ պատժամիջոցները ոչ թե առաջին անգամ են սահմանվում, այլ ընդլայնվում են:
Ցանկում ընդգրկվել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, ինչպես, օրինակ, նավերի վերանորոգման «Զվյոզդոչկա» գործարանը, անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արտադրողները, օրինակ՝ «ԿՏ-Անօդաչու համակարգեր» ձեռնարկությունը, ինչպես նաև թեև արդյունաբերության կազմակերպություններ:
«Սիստեմա»-ի վերլուծության համաձայն՝ նոր ցուցակի բոլոր կազմակերպություններն ընդգրկված են պաշտպանական ձեռնարկությունների Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության փակ ցուցակում:
Բրյուսելում «Սիստեմա»-ի աղբյուրի տվյալներով՝ պատժամիջոցների նոր ցուցակի մասին հայտարարվելու է եկող շաբաթ ԵՄ արտգործնախարարների նիստի ժամանակ: