Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ առնչվող A7 վճարային ցանցի նկատմամբ

Միացյալ Նահանգներն ընդլայնել է A7 վճարային ցանցի դեմ պատժամիջոցները, որը, ենթադրաբար, կապված է Ռուսաստանի կառավարության հետ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, թե դա պայմանավորված է նրանով, որ Իրանի իշխանությունները ցանցն օգտագործում են Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակումները շրջանցելու համար:

A7 ցանցը դասակարգվել է որպես «միջազգային նշանակալի հանցավոր կազմակերպություն»։ Նախարարության հայտարարության համաձայն՝ սա նշանակում է, որ ցանցի ենթագործակալների հետ կապված փոխանցումները կարգելվեն։

«Ֆինանսների նախարարությունը քանդում է ֆինանսական ենթակառուցվածքը, որը թույլ է տալիս Իրանին և ԱՄՆ մյուս հակառակորդներին խուսափել պատժամիջոցներից, լվանալ անօրինական միջոցներ և խաթարել համաշխարհային ֆինանսական համակարգի ամբողջականությունը», - ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ ձեռնարկված միջոցառումները անվանելով աննախադեպ։

Նաև նշվում է, որ A7 ցանցը ստեղծվել է պատժամիջոցներից խուսափելու համար և օգտագործում է ենթագործակալների համաշխարհային ցանց՝ ընկերություններ, որոնք հատուկ ստեղծվել են պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների հետ կապված վճարումները որպես սովորական առևտրային գործունեություն քողարկելու համար։

A7 ցանցի մի քանի կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ն ավելի վաղ էր պատժամիջոցներ կիրառել։ Նոր միջոցառումները, ինչպես սպասվում է, կազդեն ամբողջ ցանցի վրա։

2026 թվականի սեպտեմբերին Financial Times-ը գրել էր, որ A7 ցանցը, փաստաթղթերի կեղծման զանգվածային սխեմայի միջոցով, Standard Chartered-ի, Citigroup-ի և միջազգային այլ բանկերի միջոցով ավելի քան 6.9 միլիարդ դոլար է փոխանցել՝ շրջանցելով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Սխեման հիմնված է եղել կեղծ ընկերությունների ցանցի վրա, որոնք ամբողջ աշխարհում բացում էին բանկային հաշիվներ և կեղծում հաշիվ-ապրանքագրերը՝ վճարումների իրական բնույթը թաքցնելու համար:

Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականի վերջին Իլան Շորի՝ Մոլդովայից փախած և Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օլիգարխի կողմից՝ պետական սեփականություն հանդիսացող «Банк ПСБ»-ի աջակցությամբ՝ որպես SWIFT համակարգի այլընտրանք, որից շատ ռուսական բանկեր կտրվել էին 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո: Ընկերությունը պնդում է, որ կատարում է Ռուսաստանի արտարժույթի գործարքների մոտ մեկ հինգերորդը:

«Ազատություն» ռադիոկայանը նախկինում հետաքննություն էր հրապարակել A7-ի գործունեության վերաբերյալ, այդ թվում՝ Ղրղզստանում։

ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունում նշվում է, որ պատժամիջոցների հիմնական պատճառը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ցանցի օգտագործումն է, այլ ոչ թե Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների շրջանցումը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG