Եկող շաբաթ Ուկրաինայի դաշնակիցները կհանդիպեն Բեռլինում

Ուկրաինա - «Կամավորների կոալիցիայի» հերթական հանդիպման մասնակիցները, Կիև, 24-ը օգոստոսի, 2026թ.
Ուկրաինա - «Կամավորների կոալիցիայի» հերթական հանդիպման մասնակիցները, Կիև, 24-ը օգոստոսի, 2026թ.

Գերմանիան նոյեմբերի 19-ին հյուրընկալելու է Ուկրաինայի դաշնակիցներին «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովում, հաստատել է գերմանական կառավարության խոսնակը:

Ակնկալվում է երկու տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությունը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ Բեռլինի հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը:

«Մեր նպատակն է հասնել երկու բանի. առաջինը՝ ապահովել Ուկրաինայի պաշտպանության ֆինանսավորումը 2027 թվականի համար, և երկրորդը՝ հասնել միասնական դիրքորոշման խաղաղության առաջիկա բանակցությունների վերաբերյալ», - ասել է Մերցը:

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակներն այս շաբաթ բանակցեցին Աբու Դաբիում՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ:

Թեև կոնկրետ առաջընթացի շատ նշաններ չկային, Վաշինգտոնը ցանկություն արտահայտեց, որ բանակցային սեղանի շուրջ նստեն նաև եվրոպական երկրները՝ դիրքորոշում, որ Մոսկվան մինչ այժմ մերժել է:

Փոխարենը՝ Ռուսաստանը բանակցություններում ցանկանում է Ուկրաինայում պատերազմի ավարտը կապել Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության հետ:

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ վերջին հանդիպումներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները վստահեցրել է, որ Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հաջորդ փուլին ԵՄ ներկայացուցիչների մասնակցության շուրջ:

​
XS
SM
MD
LG