Հայաստանը հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և ուզում է մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուգում՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
«Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մեր հարաբերությունների ողջ շրջանակը, իսկ ընտրություններից հետո՝ լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու համար», - ասել է Փաշինյանը, հավելելով՝ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո Հայաստանը «հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու հարցում»։
Միշուստինն, իր հերթին, հայտարարել է՝ Մոսկվան հույս ունի, որ ընտրություններից հետո ձևավորված Հայաստանի նոր կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը «բարեկամության և բարիդրացիության ոգով» և կապահովի «հարմարավետ միջավայր ռուս ներդրողների համար»։
«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուս ներդրողների համար և ապահովի, որ նրանց իրավունքներն ու օրինական շահերը հարգվեն», - ասել է Ռուսաստանի վարչապետը։
Խորհրդարանական ընտրություններից գրեթե մեկ ամիս անց՝ մինչ օրս, ռուսական կողմը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Այսօրվա հանդիպման հրապարակային մասում ևս այդ մասին ակնարկ չի եղել։
Ըստ ռուսական աղբյուրների, բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը, «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելոզերովը, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև ֆինանսների, տրանսպորտի, տնտեսական զարգացման, էներգետիկայի ու առևտրի փոխնախարարները։
Հայկական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, ԱԳՆ-ի ու Տարածքային կառավարման փոխնախարարները և Մեծամորի ատոմակայանի տնօրենը։
«Ինտերֆաքս»-ը շեշտում է, որ Ռուսաստանը առաջին երկիրն է, ուր Փաշինյանը մեկնել է աշխատանքային այցով՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։
Տե՛ս նաև այստեղ