Մատչելիության հղումներ

Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են աղետի գոտի


Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այսօր այցելել են աղետի գոտի։ Նրանք այժմ գտնվում են Ալավերդիում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեսպաններին է ներկայացրել աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը, թե ինչ խնդիրների առաջ են կանգնել համայնքները։ Նախարարն անդրադարձավ մեկուսացած հատվածներին, նաև թե ինչ վնասներ են կրել գործարարները։

Ավելի վաղ նրանք այցելել էին Սանահին կայարան թաղամաս, որը ամենաշատն է հեղեղվել։ Գնել Սանոսյանն ասաց, որ ողողված շենքերը սեյսմակայունության խնդիր կարող են ունենալ։ Նախարարի խոսքով՝ տարածքների մաքրման աշխատանքներից հետո այստեղ մասնագետներ կաշխատեն՝ գնահատելու այդ շենքերի սեյսմակայունությունը, այսինքն, հասկանալու՝ դրանք բնակելի են, թե ոչ։

Լոռու և Տավուշի մարզերի շուրջ 9 բնակավայր Կառավարությունն աղետի գոտի է ճանաչել։ Տարածքային կառավարման նախարարը երեկ ասել է՝ գրեթե բոլոր գերատեսչությունները պետք է միավորվեն, նաև միջազգային ընկերությունների աջակցությանը պետք է դիմել, որ աղետի հետևանքները փորձեն վերացնել։

Կիրակի օրը Դեբեդի վարարման հետևանքով հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել երկու մարզերում։ Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ ստեղծվեց։ Փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։

141 մարդ դեռ մնացել է գետի մյուս ափին՝ Ալավերդիի Սանահին թաղամասում։ Սնունդն ու անհրաժեշտ իրերը փրկարարները դեռ շարունակում են ճոպաններով հասցնել։ Այդ գոտուց 443 մարդու են տարհանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG