Դիմակավորված անհայտ անձինք Բելառուսից ապօրինաբար մուտք են գործել Լատվիայի տարածք, գողացել են սահմանային տեսահսկման տեսախցիկները, վնասել էլեկտրական բաշխիչ վահանակը, ապա նախքան սահմանապահների ժամանումը, վերադարձել են Բելառուսի տարածք, հայտնել է Լատվիայի ներքին գործերի նախարարը:
«Բելառուսը պետք է հասկանա, որ նման դեպքերը կարող են ավելի լուրջ հետևանքների հանգեցնել հենց Բելառուսի համար», - ռուսական РБК-ն մեջբերում է Յանիս Դոմբրավայի խոսքերը:
Նրա խոսքով՝ դրանից մի քանի ժամ առաջ էլ դիմակավորված անձինք փորձել էին հատել սահմանը մոտ 20 անօրինական միգրանտների հետ։
«Բելառուսական կողմից անօրինական միգրանտներին ուղեկցողները զինված էին, սպառնում էին Ազգային զինված ուժերի անձնակազմին և միգրանտների խմբին ակտիվորեն հրում ու տանում էին դեպի Լատվիա», - պնդել է Դոմբրավան։
Օգոստոսին Լատվիայի Սկրուդալիենա շրջանում հայտնաբերվել է ստորգետնյա թունել, որով Բելառուսից անօրինական ճանապարհով երկիր են մուտք գործել 15 միգրանտներ:
Երկրի սահմանապահ ծառայության մամուլի ծառայության տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ թունելն օգտագործվում է Լատվիայի սահմանն ապօրինաբար հատելու համար:
Դրանից 10 օր անց Լատվիայի Կրասլավա քաղաքում սահմանապահները հայտնաբերել էին ևս 28 մարդու, որոնք ապօրինաբար հատել էին սահմանը բելառուսական կողմից փորված ստորգետնյա թունելով։
Հուլիսի վերջին Ռիգան հայտարարել էր Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետի՝ Պատերնիեկիի փակման մասին՝ տեխնիկական պատճառներով։
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը սահմանային անցակետի փակման տեխնիկական բացատրությունը համոզիչ չէր համարել և օգոստոսի 3-ին սպառնացել էր «ասիմետրիկ» պատասխանով՝ ազգային շահերը պաշտպանելու համար։ Օգոստոսի 5-ին Լատվիան վերաբացել էր անցակետը։
Վերջին միջադեպից մեկ օր առաջ Լատվիայի Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին զգուշացրել էր խուսափել Բելառուս մեկնելուց և դրա տարածքով վերադառնալուց։ Նախարար Յանիս Դոմբրավան բացատրել էր, որ դա պայմանավորված է շարունակվող «միգրացիոն հիբրիդային պատերազմով», որը սահմանին անվտանգության ռիսկեր է ստեղծում: