Դիլիջանի քաղաքապետարանը դատի է տվել ադրբեջանական բանտում գտնվող` Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքին պատկանող ընկերություններին: Դատարանից պահանջում են վաղաժամ լուծարել այդ ընկերությունների հետ դեռ տարիներ առաջ կնքված պայմանագրերը, որոնցով Վարդանյանները պարտավորվել էին բարեկարգել քաղաքային այգին ու մարզադաշտը իր սպասարկման տարածքով:
Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը համարում է, որ համայնքապետարանը լիարժեք հիմքեր ունի մինչև 2030 թվականի դեկտեմբերի վերջը ուժի մեջ գտնվող պայմանագրերը լուծարելու համար, մինչդեռ Ադրբեջանում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կինը «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում սա համարել է ճնշում իրենց նկատմամբ ու ասել, որ դրա պատճառով ստիպված են Դիլիջանում նախատեսած իրենց ծրագրերի մի մասը փակել:
«Ցավոք, Դիլիջանի ներկայիս քաղաքապետը, սոցիալական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու փոխարեն, որոշել է դատարանում վիճարկել երկարաժամկետ վարձակալության և կառուցապատման մեր իրավունքները՝ այդպիսով խոչընդոտելով մեր պարտավորությունների կատարմանը: Դա, բնականաբար, խնդիրներ է ստեղծում մեզ համար, բայց ավելի վատն այն է, որ սա նաև շատ վատ ազդանշան է մասնավոր ներդրողների և սոցիալական ձեռնարկատերերի համար, քանի որ ձևավորվում է անբարենպաստ ներդրումային և սոցիալական միջավայր, որտեղ իրավունքները պաշտպանող օրենքի և օբյեկտիվ չափորոշիչների փոխարեն գործում են անձնական հարաբերությունները քաղաքապետարանի հետ և որոշ պաշտոնյաների մասնավոր շահերը», - հայտարարել է Զոնաբենդը:
Վերոնիկա Զոնաբենդը չի պարզաբանել՝ ինչ մասնավոր շահերի մասին է խոսքը: Վարդանյանների ընտանիքին պատկանող Դիլիջանի զարգացման հիմնադրամից պնդում են, որ 2018-ին Դիլիջան համայնքի նախկին ղեկավարից շինարարության թույլտվություն են ստացել։ 2023-ից ի վեր համայնքապետարան են ներկայացրել քաղաքային այգու զարգացման ծրագրի նախագիծը: Այն ավագանու նիստով պետք է անցներ, բայց մինչ օրս նախագծին անդրադարձ չի եղել՝ իրենց անհասկանալի պատճառներով:
Մինչդեռ համայնքապետ Դավիթ Սարգսյանն «Ազատությանն» ասաց՝ հիմնադրամի ներկայացուցիչների ասածները չեն ընդունում, ու պնդեց, որ ունեցել են դատարան դիմելու հիմնավոր պատճառներ: Քաղաքի ղեկավարը պնդում է՝ Վարդանյանները խախտել են իրենց պայմանագրային պարտավորությունները, բայց չի մանրամասնում՝ ո՞ր պարտավորությունների մասին է խոսքը:
«Մենք խոսում ենք փաստերով, մենք, եթե պետական կառույցը դիմել է դատարան, ուրեմն՝ անհիմն չի լինելու: Այսինքն՝ ունենք մենք մեր պատճառաբանությունները և մեր հետևանքները, որից ելնելով մենք էդ քայլը արել ենք: Դա խոսքով չի, դա ընդամենը գործով է և ապացույցներով և հստակ քայլերով», - նշեց Սարգսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ավագանու հաստատմանը չեն ներկայացրել Վարդանյանների նախագծերը, համայնքապետն արձագանքեց. - «Քանի եթե կա դատական գործ իր գործողության մեջ ... Բերեք, ամենայն հարգանքով Ձեզ, չանցնենք էդ կետը, որ մենք վերադառնանք 23 թվականից այդ խոստացված կամ չհամաձայնեցվածներին: Բայցև վստահ եմ՝ էն, ինչը որ ասում են, որ 23 թվականից չի հաստատվել, դա չի համապատասխանում իրականությանը»:
2018-ի թավշյա հեղափոխությունից օրեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վարդանյան ընտանիքի կողմից Դիլիջանում կառուցված միջազգային դպրոց, որտեղ Ռուբեն Վարդանյանի ու նրա կնոջ մեջտեղում նստած վայելում էր դպրոցի ուսանողների կատարումները: Այստեղ էր, որ հայտարարեց, թե «Դիլիջանի միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն»:
Ինչո՞ւ տարիներ անց, հատկապես, երբ Ռուբեն Վարդանյանի գերեվարվելուց հետո ընտանիքը ծանր վիճակում է, իշխանություններն այլևս չեն վստահում նրանց: Դիլիջանի ՔՊ-ական քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ասում է՝ դատարանում ամեն ինչ կպարզվի: Անգամ այն դեպքում, երբ Վարդանյաններին պատկանող ընկերությունների հետ պայմանագրերն ուժի մեջ են ևս չորս տարի, տեղի իշխանությունները մտադիր չեն նահանջել:
«Դրա համար գոյություն ունի դատարան՝ եթե կլինենք մենք սխալ, դա դատարանի որոշումը կլինի, և դատարանը կորոշի: Գոյություն ունի օրենքի ձևաչափեր՝ շարժվում ենք ըստ օրենքի ձևաչափի, թե բանավոր ինչ խոսակցություններ է լինում, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ նստենք մեկնաբանենք բանավոր խոսակցությունները», - հայտարարեց համայնքապետը:
Համայնքապետարանի էջում հրապարակված որոշումներից երևում է, որ Վարդանյանների ընտանիքին պատկանող բարեգործական հիմնադրամին դեռ 2014-ին են կառուցապատման իրավունքով տրամադրել այգու ավելի քան 1 հա տարածքը: Հողամասի տարեկան վճար է սահմանվել մրցույթում առաջարկված առավելագույն գինը՝ 1 միլիոն 280 հազար դրամ: Մեկ տարի անց Վարդանյանները ևս մի կտոր են վարձակալել տարեկան մոտ 110 հազար դրամ վարձավճարի դիմաց: Նույն թվականին բարեգործական հիմնադրամը 99 տարով վարձակալել է այգուն կից գտնվող մարզադաշտն իր սպասարկման տարածքներով: Վարդանյանները, որ մինչ այդ Դիլիջանում միջազգային դպրոցից բացի տարբեր ներդրումային ծրագրեր են իրականացրել, պարտավորվել էին բարեկարգել քաղաքային այգին ու մարզադաշտը, նոր խաղահրապարակներ կառուցել:
Ռուբեն Վարդանյանի կինը «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում շեշտել է, թե 15 տարի առաջ այգին մաս-մաս արված էր, կտոր-կտոր սեփականացված: Այդ բոլոր սեփականատերերից գնելու համար մոտ 1 միլիոն դոլար են ծախսել: Հետո արդեն 4 միլիոն դոլարի ծախս արել այգու բարեկարգման համար: Բայց դեռ մանկական խաղահրապարակի ծրագիր ունեն, որն սկսելու համար տեղի իշխանությունների համաձայնությունն է պետք, որ չեն ստանում:
«Եթե 15 տարի առաջ Դիլիջանի այգին այնքան էլ ապահով վայր չէր, ապա այսօր այստեղ զբոսնում են ընտանիքներ, խաղում են երեխաներ, տարբեր տարիքի մարդիկ ակտիվ զբաղվում են սպորտով», - ասել է Զոնաբենդը:
«Վերջին 10 տարում մենք և մեր գործընկերները միայն Դիլիջանի կենտրոնական այգու բարեկարգման եւ ենթակառուցվածքների մեջ ներդրել ենք ավելի քան 4 միլիոն դոլար: Իսկ 2012 թվականից մինչև օրս դպրոցի և Դիլիջանի ու տեղական համայնքի զարգացման համար իրականացված մշակութային, սոցիալական և ենթակառուցվածքային տարբեր նախագծերի համար մեր սեփական ու մեր գործընկերների կատարած ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 236 միլիոն դոլար», - նշել է Ռուբեն Վարդանյանի կինը:
Դատական տեղեկատվական համակարգից պարզ է դառնում, որ Դիլիջանի համայնքապետարանն անցած տարեվերջին Վարդանյանների դեմ նաև 63 միլիոն դրամի պահանջով էր դատարան դիմել, բայց դատարանը հայցն անհիմն է համարել ու այն վարույթ չի ընդունել: