Մատչելիության հղումներ

Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց

Լրացված

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Նրա խափանման միջոց կալանքը վերացվեց: Որևէ այլ խափանման միջոցի անհրաժեշտություն դատարանը չտեսավ:

ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար, կալանավորվել էր հունիսի 18-ին:

Ըստ Հակակոռուպցիոնի հրապարակման՝ Դավիթ Ղազինյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին հունիսի 7-ին իր դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։ Այդ նպատակով, ըստ կոմիտեի, Ղազինյանը իր թիմակցին փոխանցել է 1 միլիոն 400 հազար դրամ: Հակակոռուպցիոնի հաղորդմամբ՝ գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու շուրջ տարաձայնությունների պատճառով ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու գործը ավարտին չի հասել: Ղազինյանը մեղադրանքը չի ընդունում:

Դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազինյանը այս գործը քաղաքական համարեց։

«Շատ ցավում եմ, որ ես պետք է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով դուրս գայի։ Իրականում ցավում եմ, որովհետև նախ պետք է դա չլիներ, որ պատգամավոր դառնալով էլ դուրս գային, - ասաց Ղազինյանը և նշեց, - Բացարձակ, առերեսում էլ չեն արել։ Այնտեղ գիտե՞ք ոնց է, լավ անուն չասեմ, զապիսը լսել եք։ Ասում է Ղազինյան Դավոն, նախ առաջինը Դավոյի հեղինակային իրավունքը դա մորինս է, իմ մայրն է ինձ ասում Դավո, ոչ մեկ խնդրում եմ չասի, մեկ, երկրորդը, ասում է ես լսեցի, որ Ղազինյան Դավոն փող բերեց, այն մեկին ասում եմ, բա որտեղի՞ց լսեցիր, ասում է՝ այն մեկն ասեց, այն մեկին ասում եմ՝ բա որտեղի՞ց լսեցիր, ասում է այն մեկն ասեց։ Այսինքն կտեսնեք էլի, փուչիկ է»:

Մեղադրող կողմը միջնորդել էր Ղազինյանի խափանման միջոց կալանքը փոխել՝ 1 միլիարդ դրամ գրավի, վարչական հսկողության ու բացակայելու արգելքով. «Վարչական հսկողության սահմանափակումների վերաբերյալ մեղադրանքի կողմը գտնում է, որ կիրառելի է քրեական դատավարությանը մասնակցող անձանց հետ սահմանափակման անհրաժեշտություն, ինչպես նաև վարչական հսկողության համապատասխան վերահսկողության էլեկտրոնային միջոցների կիրառումը»։

Դատախազության ներկայացուցչի կարծիքով՝ Ղազինյանի խափանման միջոցը պետք է փոխվեր օգոստոսի 2-ից, քանի որ, ըստ մեղադրող կողմի, նա այդ օրն է ստանձնում լիազորությունները ու այս պահին չունի պատգամավորի կարգավիճակ:

Ղազինյանի փաստաբան Արամ Վարդևանյանն էր միջնորդել անհապաղ վերացնել կալանքը՝ հղում է անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը, որի համաձայն՝ «անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»:

Փաստաբանները պնդում են, որ պատգամավորի կարգավիճակը այն պահից են անձինք ձեռք բերում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատներ բաշխելու մասին արձանագրություն է կազմում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ին է նոր խորհրդարանի պատգամավորներին մանդատներ տրամադրել, այդ թվում՝ Ղազինյանին:

Մեղադրող կողմն էլ հայտարարում է. «Գտնում ենք մեղադրյալ Դավիթ Ղազինյանը Սահմանադրական դատարանի իմաստով պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերելու 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Ուստի, այնուամենայնիվ, պատվարժան դատարան, հաշվի առնելով, որ դատական նիստեր մինչև այս չունենք նշանակած, մեղադրանքի կողմը կրկին հարկ է համարում անդրադարձ կատարել մեղադրյալ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվող արդեն խափանման միջոցի իրավաչափության պայմաններին և հիմքերին արդեն Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանության մեջ։ Այսինքն այն հարցը, որ անհապաղ քննարկման ենթակա է այս պահին և ըստ էության այս պահին անհրաժեշտության մեջ է պահվում, օրենդրությամբ սահմանված, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կարգավորումներին հակառակ տրամաբանության մեջ, մեղադրանքի կողմը չի կիրքում այդ կարծիքը և գտնում է, որ դա իրավական հիմնավորում չունի»։

Դատարանն այսօր վերացրեց նաև «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով ընտրված պատգամավոր՝ Հայկ Սուքիասյանի խափանման միջոց տնային կալանքը: Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Այս մասին «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Դատարանն, ըստ փաստաբանի, պահպանել է նախկինում կիրառված 10 միլիոն դրամ գրավը և երկրից բացակայելու արգելքը:

Նրա գործը նախաքննության ընթացքում է: Խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը փաստաբան Ֆերոյանը ներկայացրել էր քննչական մարմնին, սակայն պատասխան չի ստացել: Զուգահեռ դիմել էր դատարան:

Նրա փաստաբանը ևս միջնորդել էր վերացնել տնային կալանքը՝ հղում անելով նույն՝ Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը:

Նախօրեին էլ դատարանը մերժեց ազատ արձակել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին: Նա դեկտեմբերից տնային կալանքի տակ է վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ սրբազանի գործով՝ ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու մեղադրանքով: Տնային կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին:

Փաստաբան Արամ Վարդևանյանն էր միջնորդել վերացնել տնային կալանքը՝ հղում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը, որի համաձայն՝ «անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»:

ՍԴ որոշումը, որին հղում են անում փաստաբանները, վերաբերում է միայն խափանման միջոցին և չի ազդում քրեական գործերի քննության ընթացքի վրա. գործերը շարունակելու են քննվել դատարաններում:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG