Մատչելիության հղումներ

«Դատավորն ինձ ոչ հասու միջոցներով է պարտավորեցրել ներողության տեքստ հրապարակել». Արթուր Հովհաննիսյան

Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին առնչվող քրեական գործով Լեհաստանում նախկին դեսպանը տուժող է ճանաչվել: Քննչականից «Ազատությանն» հայտնեցին՝ Էդգար Ղազարյանին հարցաքննել են:

«Ես շատ մանրամասներ ձեզ իրավունք չունեմ ասել, քանի որ ես արդեն դատավարական կարգավիճակ ունեմ այդ վարույթի շրջանակներում և պատասխանատվություն ունեմ վարույթի մասին այլևս տեղեկություններ չհայտնելու», - նշեց Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում։

Այս քրեական գործը հարուցվել է օրեր առաջ դատարանի վճիռը չկատարելու համար: Նախկին դեսպանը դատարանում հաղթել է պատգամավորին. անցած տարի դատարանը վճռել էր, որ Հովհաննիսյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի: Իշխող խմբակցության քարտուղարը պահանջի մի մասն է կատարել, նյութական վնասը փոխհատուցել է, բայց հրապարակային ներողություն չի խնդրել:

Արդյո՞ք պատգամավորին մեղադրանք կառաջադրեն, քննիչը դիմե՞լ է գլխավոր դատախազին. Քննչական կոմիտեն Արթուր Հովհաննիսյանին առնչվող մեր հարցերն անպատասխան է թողել: Գլխավոր դատախազությունից էլ միայն նշեցին՝ նախաքննությունը շարունակվում է: Պատգամավորի հնարավոր կարգավիճակի մասին ոչինչ չհայտնեցին:

Իսկ ինչո՞վ է բացատրում Արթուր Հովհաննիսյանն իր որոշումը, ինչո՞ւ չի կատարել դատարանի վճիռը, որը քրեական հանցանք է: Անցած շաբաթ խորհրդարանում հենց Հովհաննիսյանն էր վստահեցնում, որ այս իշխանության օրոք բոլորը հավասար են օրենքի առաջ:

«Օրինական պահանջը չկատարելու ոչ մի միտում չկա»,- «Ազատության» հարցին գրավոր պատասխանել է պատգամավորը:

Հարցին՝ իրեն կանչե՞լ են հարցաքննության, պատրա՞ստ է այս փուլում, երբ քրեական գործ կա, ներողություն խնդրել, պատգամավորն այսպես է արձագանքել. «Ըստ վճռի՝ ես պետք է ներողության տեքստ պարունակող տեսանյութով հանդես գամ 1in. am և ԱԺ յութուբյան հարթակներում։ Այս առումով պետք է արձանագրել, որ դատավորը ինձ ոչ հասու միջոցներով է պարտավորեցրել ներողության տեքստ հրապարակել, ինչն իր հերթին առաջացնում է անհնարինություն, քանի որ տվյալ կազմակերպությունները որևէ կերպ չեն հանդիսանում վեճի կողմ։ Ես շարունակում եմ համագործակցել համապատասխան մարմինների հետ՝ պարզաբանում ստանալու և օրենսդրության շրջանակներում գործելու համար»։

Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, թե դատարանի վճիռը դիտմամբ չի անտեսել ու որպես ասածի ապացույց նշում է՝ նյութական վնասը՝ 1 միլիոն 250 հազար դրամը, ժամանակին փոխհատուցել է:

Էդգար Ղազարյանը դատարան էր դիմել երկու տարի առաջ, երբ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրության նիստում ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը վիրավորել էին նրան ու սպառնացել: Ղազարյանը ընդդիմության թեկնածուն էր:

Օրենքով դատարանի վճիռը սահմանված ժամկետում չկատարելը քրեական հանցանք է: Պատժվում է տուգանքից ընդհուպ ազատազրկմամբ: Իշխանական Բաքոյանն էլ դատարանի վճիռը չի կատարել ու անպատիժ է մնացել: Թե ինչու օրինական պահանջը չի կատարել, նրան լսել չհաջողվեց, մեր զանգերին չպատասխանեց: Նյութական վնասի փոխհատուցումն էլ՝ 1 միլիոն 250 հազար դրամը, հարկադիրն է գանձել:

Իշխանական պատգամավորը ներողություն այդպես էլ չի խնդրել, եթե Հովհաննիսյանի դեպքում քրեական գործ հարուցվել է, Բաքոյանին քննիչը դա էլ է մերժել:

Վարչապետի թիրախում հայտնված կաթողիկոսին ու յոթ հոգևորականի օրեր առաջ մեղադրանք են առաջադրել ու արգելել երկրից դուրս գալ հենց այդ հոդվածով, որ դատական ակտի կատարմանը խոչընդոտել են:

XS
SM
MD
LG