Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ թուրք և ադրբեջանցի քաղաքացիների։ Սա հաջորդում է շաբաթավերջին տեղի ունեցած մի միջադեպի, երբ մայրաքաղաք Պոդգորիցայում մի խումբ թուրքեր Չեռնոգորիայի քաղաքացու էին դանակահարել։ Տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում։
Մինչ նախագահ Յակով Միլատովիչը հանդարտության կոչ է անում, վարչապետ Միլոկո Սպաջիչը հայտարարել է, որ իր կառավարությունը ժամանակավորապես կդադարեցնի Թուրքիայի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմը։
Չեռնոգորացի տղամարդը դանակահարվել էր շաբաթ երեկոյան՝ մի խումբ թուրք քաղաքացիների հետ վիրավորանքների փոխանակումից հետո։Հաջորդ օրը տասնյակ տեղացիներ վանդալիզմի են ենթարկել թուրքական համարանիշներով մեքենաները, մի պահ անգամ ստիպել են որոշ թուրք քաղաքացիների փակվել խաղատանը։
Ոստիկանությունը դանակահարության միջադեպին մասնակցելու կասկածանքով ձերբակալել է երկու անձի՝ թուրքի և ադրբեջանցու, ինչպես նաև ևս 45 թուրքերի և ադրբեջանցիների, որոնք կասկածվում են օրինական բնակության փաստաթղթեր չունենալու մեջ։ Ձերբակալվածներից 7-ին տուգանել են, 8-ին՝ արտաքսել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Չեռնոգորիայում մշտապես կամ ժամանակավորապես գրանցված 100 հազար օտարերկրյա քաղաքացիներից մոտ 13 հազարը թուրքեր են։
Զբոսաշրջությունից մեծ կախում ունեցող այս երկրում տնտեսական մեծ ակտիվություն են ցուցաբերում Թուրքիայի քաղաքացիները՝ բիզնես գործունեություն ծավալելով։
«Տնտեսական ակտիվությունը և լավ երկկողմ հարաբերությունները պահպանելու նպատակով մենք առաջիկա ժամանակահատվածում ինտենսիվ քննարկումներ կսկսենք Թուրքիայի Հանրապետության հետ՝ լավ համագործակցության և գործընկերության ոգով գտնելու (վիզաների կարգավորման) լավագույն մոդելը մեր փոխադարձ շահերից ելնելով», - ասել է վարչապետ Սպաջիչը X-ում։
Նախագահ Միլատովիչը, իր հերթին, դատապարտել է բռնությունը։