Մատչելիության հղումներ

Չեռնոգորիան կարող է ԵՄ անդամակցության պայմանագիրը ստորագրել 2027-ի հունիսին

Եվրամիության և Չեռնոգորիայի դրոշները, արխիվ
Եվրամիության և Չեռնոգորիայի դրոշները, արխիվ

Եվրոպական միությունը կարող է Չեռնոգորիայի անդամակցության բանակցություններն ավարտել մինչև տարեվերջ և անդամակցության պայմանագիրը երկրի հետ ստորագրել 2027 թվականի հունիսին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հայտարարությանը:

«Առաջին անգամ 2011 թվականից ի վեր, երբ Եվրամիությունը եզրափակեց անդամակցության բանակցությունները Խորվաթիայի հետ, ԵՄ-ն մոտ է մեկ այլ թեկնածու երկրի՝ Չեռնոգորիայի հետ անդամակցության բանակցություններն ամփոփելուն», - հայտարարել է Եվրահանձնաժողովը ընդլայնման քաղաքականության իր ամենամյա զեկույցում:

«Սա վկայում է Չեռնոգորիայի շարունակական ջանքերի մասին՝ առաջ շարժվելու եվրոպական ուղով և իրականացնելու բարեփոխումները, որոնք պահանջվում են ԵՄ-ին անդամակցությունը իրականություն դարձնելու համար», - նշում է Եվրահանձնաժողովը:

Ընդամենը 630 հազար բնակիչ ունեցող Չեռնոգորիան ձգտում է ԵՄ 28-րդ անդամ երկիրը դառնալ 2028-ին: Դաշինք մուտք գործելու համար պահանջվում է անդամակցության պայմանագրի վավերացումը ԵՄ ներկայիս անդամ բոլոր 27 երկրների կողմից, նշում է Reuters-ը:

«Առաջիկա շաբաթներին և ամիսներին էական կլինի, որ Չեռնոգորիան հաստատուն կերպով կենտրոնացած մնա ԵՄ-ին անդամակցության նախապատրաստական աշխատանքների, ընդունված բարեփոխումների իրականացման վրա», - ասված է Եվրահանձնաժողովի հայտարարությունում:

Եվրահանձնաժողովը նշում է, որ Չեռնոգորիան վերջին շրջանում ակտիվորեն շարժվում է Եվրամիությանն անդամակցության ճանապարհով և արդեն կատարել է եվրաինտեգրման համար ԵՄ առաջադրած 21 պահանջները: Եվրոպական միությանը երկրի անդամակցության բանակցությունները կարող են ավարտվել տարեվերջին:

Այս տարվա ապրիլին ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն են տվել Միությանը Չեռնոգորիայի անդամակցության պայմանագրի մշակումն սկսելուն: Ոչ մի այլ թեկնածու երկիր ԵՄ-ին անդամակցության ճանապարհին դեռ չի հասել այդ փուլին: Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ Չեռնոգորիան ստացել է 2010 թվականին և արդեն վաղուց համարվում է 2013-ին Խորվաթիայի անդամակցությունից հետո ԵՄ-ին առաջինն անդամակցելու գլխավոր հավակնորդ:



​
XS
SM
MD
LG