«Չելսին» գնած միլիարդատեր Թոդ Բոելին ձեռք կբերի «Լուկօյլի» արտերկրյա ակտիվները

«Լուկօյլի» նավթավերամշակման գործարաններից մեկը, Կստովո, Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան
«Լուկօյլի» նավթավերամշակման գործարաններից մեկը, Կստովո, Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան

Ամերիկացի միլիարդատեր, Eldridge Industries ներդրումային ընկերության համահիմնադիր Թոդ Բոելին Reuters-ին հայտնել է, որ համաձայնագիր է ստորագրել ռուսական «Լուկօյլ» նավթագազային ընկերության արտասահմանյան ակտիվները գնելու մասին։

Գործարքին նրա հետ մասնակցում են նաև ԱՄՆ պետական Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) և երկու մասնավոր գործընկեր։

2022 թվականին Բոելիի և Clearlake Capital հիմնադրամի գլխավորած ներդրողների խումբը Ռոման Աբրամովիչից գնել է նաև լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը։ Ռուս միլիարդատերը վաճառելու որոշում էր կայացրել Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցներից հետո։ 2026 թվականի սեպտեմբերին Բոելիի բաժնեմասը «Չելսիում» գնել է Clearlake Capital-ը։

«Լուկօյլի» ակտիվները գնողներն առաջարկում են դրանք փոխանակել ընկերության 10 միլիարդ դոլար արժողությամբ արժեթղթերով։ Դրանք նախկինում գնվել են արևմտյան հիմնադրամներից և բանկերից։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո դրանք սառեցվել են և կորցրել իրենց արժեքը օտարերկրյա ներդրողների համար։

Միևնույն ժամանակ, արժեթղթերն ուղղակիորեն «Լուկօյլին» չեն փոխանցվի, որպեսզի հնարավոր լինի գործարքի իրականացման համար ստանալ ԱՄՆ ֆինանսների նախարարության հավանությունը։ Ըստ Reuters-ի՝ դրանք կփոխանցվեն ԱՄԷ-ում բացված հատուկ հաշվին։

Խոսքը «Լուկօյլի»՝ 11 երկրում գտնվող արտասահմանյան ակտիվների մասին է։ Դրանց թվում են նավթահանքեր Ադրբեջանում և Ղազախստանում, նավթավերամշակման գործարաններ Նիդեռլանդներում, Բուլղարիայում և Ռումինիայում, ինչպես նաև բենզալցակայանների ցանցը։ Գործակալության գնահատմամբ՝ այդ ակտիվների արժեքը մոտ 16 միլիարդ դոլար է։

ԱՄՆ-ը DFC-ի միջոցով բաժնեմաս կստանա բիզնեսում և հնարավորություն կունենա մասնակցելու դրա կառավարմանը, իսկ ապագայում նաև շահույթ կստանա։ Պետական կորպորացիայի բաժնեմասի չափը չի հրապարակվում։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Լուկօյլի» և «Ռոսնեֆտի» նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2025 թվականի հոկտեմբերի 22-ին։ Նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե հույս ուներ, որ դա կնպաստի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցմանը։

Պատժամիջոցների հետևանքով ռուսական նավթը վաճառվում է ռեկորդային զեղչերով, իսկ դրա հիմնական գնորդները՝ չինական և հնդկական նավթավերամշակող ընկերությունները, սկսել են այն բացառել նոր մրցույթներից։

Ավելի վաղ «Լուկօյլի» ակտիվների նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել մի քանի ընկերություններ, այդ թվում՝ ամերիկյան խոշոր նավթային ընկերություններ Exxon Mobil-ը և Chevron-ը, հունգարական MOL նավթագազային ընկերությունը, ինչպես նաև Pornhub-ի նախկին սեփականատեր, ավստրիացի գործարար Բերնդ Բերգմայրը։

Հունվարին ամերիկյան Carlyle ներդրումային ընկերությունը նախնական համաձայնության էր եկել այդ ակտիվները գնելու շուրջ, սակայն ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ գործարքի վերջնական համաձայնեցումը ձգձգվել էր։

​
XS
SM
MD
LG