Խորհրդարանն այսօր ընդունեց բժշկական փորձաքննությունից կամ նմուշ տալուց հրաժարվելը քրեականացնելու մասին օրենքի նախագիծը:
Քրեական օրենսգրքում նախատեսվեց նոր հանցակազմ, որով քրեական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, ովքեր ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վարույթով վկայի, ձերբակալվածի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեն և հրաժարվում են կամ խուսափում են փորձաքննության համար նմուշ հանձնել կամ փորձաքննության ենթարկվել:
Օրենսդրական այս նախաձեռնությունը նախապես վերաբերում էր միայն բանակից առողջական պատճառներով ազատված անձանց քրեական վարույթներին: Սակայն Կառավարությունը՝ ի դեմս արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանի, առաջարկեց Քրեական օրենսգրքում այդ փոփոխությունը տարածել ոչ միայն զորակոչից ազատվածների քրեական վարույթների, այլև առհասարակ բոլոր քրեական գործերի վրա՝ սահմանելով ավելի մեղմ պատժաչափեր:
Ըստ այդմ՝ առողջական խնդիրներով զորակոչից ազատված այն անձանց համար, ովքեր քրեական վարույթի շրջանակում կխուսափեն կրկնակի բուժզննում անցնել, սահմանվում է 1.5 միլիոն դրամ տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում:
Օրինագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշել էր, որ այս կարգավորումը թույլ կտա իրավապահներին բացահայտել կեղծիքներով բանակից խուսափած անձանց։
«Վարույթ են հարուցում, ասում են՝ արի փորձաքննությունից անցի, տեսնենք՝ դու ունե՞ս էդ հիվանդությունը, մի հատ ՄՌՏ անցի։ Վարույթով անցնող քաղաքացին ասում է՝ չեմ անցնում, և էս պահի դրությամբ իրավապահ համակարգը ոչ մի գործիք չունի, որպեսզի նրան հարկադրի գնալ ու անցնել էդ հետազոտությունը։ Ասում է՝ չեմ գնա ու վերջ։ Սա անբնական, աննորմալ իրավիճակ է, որի հաղթահարմանն էլ ուղղված է այս նախագիծը», - ասել էր ՔՊ պատգամավորը։