Մատչելիության հղումներ

«Ասում են ՄՌՏ անցի, ասում է՝ չեմ անցի». բանակից ազատվածները քրեական վարույթի դեպքում առողջության կրկնակի ստուգում կանցնեն

Պարտադիր զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքներից առողջական խնդիրների պատճառով ազատված անձինք, ում գործերը կդառնան իրավապահների ուսումնասիրության առարկա, առաջիկայում հնարավորություն չեն ունենա հրաժարվել լրացուցիչ հետազոտություններից և փորձաքննություններից։

Իշխող ՔՊ պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Վահագն Ալեքսանյանն այսօր խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովում ներկայացնելով Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ պնդեց, որ այս կարգավորումը թույլ կտա իրավապահներին բացահայտել կեղծիքներով բանակից խուսափած անձանց։

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը

«Լինում են մարդիկ, երբ մարդիկ կեղծ փաստաթղթերով ազատվում են զինծառայությունից։ Ենթադրենք իրավապահները ստանում են օպերատիվ տեղեկատվություն այդ մասին, որ էսինչ մարդը կեղծ թղթերով ազատվել է զինծառայությունից։ Վարույթ են հարուցում, ասում են՝ արի փորձաքննությունից անցի, տեսնենք՝ դու ունես էդ հիվանդությունը, մի հատ ՄՌՏ անցի։ Վարույթով անցնող քաղաքացին ասում է՝ չեմ անցնում, և էս պահի դրությամբ իրավապահ համակարգը ոչ մի գործիք չունի, որպեսզի նրան հարկադրի գնալ ու անցնել էդ հետազոտությունը։ Ասում է՝ չեմ գնա ու վերջ։ Սա անբնական, աննորմալ իրավիճակ է, որի հաղթահարմանն էլ ուղղված է այս նախագիծը», նշեց ՔՊ պատգամավորը։

Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց, որ առողջական խնդիրներով ազատված ցանկացած մեկին պատահականության սկզբունքով չեն կարող պարտադրել բուժզննում անցնել, պետք է հարուցված քրեական վարույթ լինի։ Եվ եթե հարուցված քրեական գործի շրջանակներում անձը հրաժարվի լրացուցիչ բժշկական հետազոտությունից՝ ապացուցելու համար, որ իսկապես առողջական խնդիրներ ունի, ապա օրենքի նախագծով նախատեսվում է 1-3 տարի ազատազրկում։

«Այս տարիներին պարբերաբար ձերբակալվում են տարբեր բուժհաստատությունների բժիշկներ, ովքեր ակնհայտորեն կաշառքի դիմաց կեղծ տեղեկանքներ են տվել։ Հիմա իրավապահ համակարգը այդ մարդկանց տված բոլոր տեղեկանքների հետևից գնա», ասաց Վահագն Ալեքսանյանը։

Պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական անդամներից Հայկ Սարգսյանն օրինագծի քննարկման ժամանակ հատուկ ընդգծեց՝ զորակոչի մասնակիցների թիվը Հայաստանում նվազում է մի քանի պատճառով, և դրանցից առաջինը առողջական կեղծ փաստաթղթերով բանակից ազատվողներն են։

Պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը
Պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը

Ըստ նրա՝ այս կարգավորմամբ հնարավոր կլինի կանխարգելել այս հանցագործության շարունակականությունը։

Քրեական օրենսգրքով փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինծառայությունից խուսափելը պատժվում է 4-ից 8 տարի ազատազրկմամբ։

«Այսինքն՝ զորակոչի 69 տոկոսը ազատվում է, որոնց գերակշիռ մասը առողջական խնդիրներով պայմանավորված», նշեց Հայկ Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ օրենքի ընդունումից հետո իրավապահները կունենան հնարավորություն կրկին կանչելու փորձաքննության, իսկ հրաժարվելու դեպքում՝ կիրառելու քրեական պատասխանատվություն։

«Երբ էս օրենքը ընդունվի, այսինքն, բժիշկը արդեն կիմանա՝ կեղծ տեղեկանք տալու դեպքում, հնարավոր է էդ քաղաքացուն էլի կանչել փորձաքննության։ Եթե չներկայանա, խուսափի կամ որևէ այլ ճանապարհով խոչընդոտի, ապա այդ դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի», նշեց նա։

Ի դեպ, Հայկ Սարգսյանը, որ քաղաքական թիմի հետ վերջին շրջանում սուր հակասություններ ուներ և ի վերջո դուրս էր մնացել կուսակցության նախընտրական ցուցակից, այսօր մեղադրում էր Պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ նշելով, որ հենց նրա պատճառով այս կարևոր նախագիծը ժամանակին չի ընդունվել։

Պատգամավորի համոզմամբ՝ ոչ միայն կեղծ առողջական փաստաթղթերով են բազմաթիվ երիտասարդներ խուսափում բանակից, այլև շատերը, դա անում են Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելով, պատգամավորը հատուկ թվեր ներկայացրեց, կրկին պնդելով, որ իր կուսակցի՝ ՊՆ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պատճառով հնարավոր չեղավ փակել նաև այս մի սողանցքը, ինչի հետևանքով քաղաքացիությունից հրաժարվողների թիվը անցած 1 տարում զգալի աճեց։

Անդրանիկ Քոչարյանն, ըստ էության, չարձագանքեց կուսակցի քննադատությանը։

«Իմ օրենքը, երբ որ պարոն Անդրեի Քոչարյանի պատճառով մերժվեց, դրանից հետո տեմպը 30%-ով աճել է, 30-40%-ով, ու 2025թ․-ին քաղաքացիությունից հրաժարվել է, նախորդ տարվա 1900-ի փոխարեն՝ 2800 տղա ու էլի 60 աղջիկ», նշեց Հայկ Սարգսյանը։

Նա, հղում անելով պետական մարմիններից ստացած պաշտոնական տվյալներին, նշեց, որ այս տեմպը պահպանվել է նաև 2026-ին, այս տարվա առաջին 4 ամսում՝ 800-ից ավելի տղաներ են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։

ՔՊ-ական պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ կեղծ բժշկական փաստաթղթերով բանակից ազատման դուռը փակելով՝ ավելի լայն բացելու են քաղաքացիությունից հրաժարվելու դուռը։

Հետևաբար, Սարգսյանը պնդեց՝ այս խնդիրներին պետք է փաթեթային լուծում տալ՝ միաժամանակ փակելով բոլոր սողանցքները։

«Օրինակ, ինձ էսօր գրել են, Մեղրիից զինծառայողի մայրն էր գրել, առանց զինծառայողի անունը նշելու, խնդրել է, ասել է՝ շատ շոգ է, տղաները շաբաթը մեկ են լողանում։ Գիտեք ինչ շոգ է մեր Մեղրիում, զինվորները լողանում են շաբաթը մեկ։ 2024 թվականից խնդրում եմ Պաշտպանության նախարարությանը՝ եկեք կազմակերպեք, մեծ ֆինանսական խնդիր չէ։ Հաշվի առեք էս անոմալ շոգը, սկսեք Մեղրիից, բայց ոչ միայն Մեղրին, որ մեր զորքը ամեն օր լողանա», ասաց Հայկ Սարգսյանը։

Պաշտպանության հանձնաժողովը կողմ քվարկեց բուժզննումից խուսափելուն վերաբերող նախագծին, այն ընդգրկվեց Ազգային ժողովի վաղը կայանալիք արտահերթ նիստի օրակարգում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG