Մեծ Բրիտանիայի բանկերը դեմ են արտահայտվել ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու ծրագրերին՝ հնարավոր իրավական ռիսկերի պատճառով, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով բանկերի բարձրաստիճան ներկայացուցիչներին։
Թերթի տվյալներով՝ բրիտանական բանկերը պահում են մոտավորապես ութ միլիարդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 10 միլիարդ դոլար) ռուսական ակտիվներ։ Բանկերի ներկայացուցիչները նշել են, որ եթե այդ միջոցները օգտագործվեն Ուկրաինային վարկ տրամադրելու համար, նրանք կարող են ենթարկվել իրավական զգալի ռիսկի։ Ենթադրվում է, որ հետագայում Ուկրաինան կկարողանա վարկը մարել այն միջոցներից, որոնք Ռուսաստանը կվճարի երկրի վերակառուցման համար։
Ըստ թերթի՝ բանկի ներկայացուցիչների խոսքով՝ առաջարկվող ծրագրի հետ կապված խնդիրներից մեկը երաշխիքների բացակայությունն է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը կներառի փոխհատուցումներ, որոնք կարող են օգնել մարել վարկը։
Բելգիան, որտեղ գտնվում է Euroclear դեպոզիտարիան, որտեղ պահվում է ակտիվների մեծ մասը, նույնպես դեմ է սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը: Երկրի իշխանությունները պահանջում են, որ ԵՄ բոլոր երկրները պատասխանատվության ենթարկվեն ցանկացած հնարավոր ռիսկի համար և ապահովեն բավարար ֆինանսական երաշխիքներ:
Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո, Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները, որոնց ընդհանուր գումարը կազմում էր մոտ 210 միլիարդ եվրո, սառեցվեցին արևմտյան երկրներում: Եվրոպական հանձնաժողովի ծրագրի համաձայն, այդ միջոցներից 140 միլիարդ եվրոն կօգտագործվի Ուկրաինային օգնելու համար՝ այսպես կոչված փոխհատուցման վարկի տեսքով: Ռուսաստանը կկարողանա դրանք վերադարձնել միայն Ուկրաինային փոխհատուցում վճարելով, որը Ուկրաինան կօգտագործի վարկը մարելու համար: