Մատչելիության հղումներ

Բուլղարիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է ռուսամետ թեկնածուն

Գործող նախագահ և նախագահի թեկնածու Իլիանա Յոտովան նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդիպում է իր կողմնակիցների հետ Դիմիտրովգրադ քաղաքում, 21-ը հոկտեմբերի 2026թ.
Գործող նախագահ և նախագահի թեկնածու Իլիանա Յոտովան նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդիպում է իր կողմնակիցների հետ Դիմիտրովգրադ քաղաքում, 21-ը հոկտեմբերի 2026թ.

Բուլղարիայի կիրակի կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է նախագահի պաշտոնակատար Իլիանա Յոտովան, որը կողմ է Մոսկվայի հետ երկխոսությանը և դեմ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քվեաթերթիկների գրեթե 100%-ի մշակումից հետո, երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ Յոտովան ստացել է ձայների 57.66%-ը, իսկ նախկինում վարչապետի պարտականությունները կատարած և արևմտամետ ընդդիմության աջակցությունը վայելող բանկիր Անդրեյ Գյուրովը՝ 39.38%-ը։

Ընտրությունների վերջնական արդյունքները, ինչպես սպասվում է, կհրապարակվեն այսօրվա ընթացքում։

Հիմնականում արարողակարգային, բայց կարևոր այս պաշտոնին հավակնում էին երկու թեկնածու՝ Ռուսաստանի հետ երկխոսության կողմնակից Իլիանա Յոտովան և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության կողմնակից Անդրեյ Գյուրովը: Յոտովայի փոխնախագահի թեկնածուն լրագրող և իրավաբան Կիրիլ Վալչևն է։

Նախագահական ընտրությունները տեղի ունեցան Սև ծովում Բուլղարիայի ափերի մոտ առևտրային նավերի վրա հոկտեմբերին տեղի ունեցած հարձակումների ֆոնին։ Միջազգային հանրությունը դատապարտել է այդ հարվածները, որոնք իրականացնելու համար կասկածում են Ռուսաստանին: Հարվածները նաև մտավախություններ են առաջացրել, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է լայնածավալ պատերազմի վերածվել:

Ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր անցած շաբաթավերջին, որին մասնակցել էր 27 թեկնածու: Յոտովան, որն այժմ գործող նախագահն է, փոքր առավելությամբ հաղթել էր մրցակից Գյուրովին, սակայն չէր կարողացել հաղթահարել 50%-ի շեմը: Մասնակցությունը ռեկորդային ցածր էր եղել՝ ընդամենը 23%:

Առաջին փուլում Յոտովան հավաքել էր ձայների 35%-ը, իսկ Գյուրովը՝ 32%-ը։ Տարբերությունը շատ ավելի փոքր էր, քան կանխատեսում էին հասարակական կարծիքի հարցումները, որոնք ցույց էին տալիս, որ Յոտովան առաջ է 20 տոկոսային կետով. առաջին փուլում Գյուրովը նրանից հետ էր մնում 42,000 ձայնով։

Բուլղարիայում խորհրդարանական հանրապետություն է, որտեղ վարչապետն է երկրի գործադիր իշխանության ղեկավարը և կառավարության ամենակարևոր գործադիր պաշտոնյան։

Այդուհանդերձ, պետության գլուխն է նախագահը: Չնայած նախագահի դերը հիմնականում արարողակարգային է, նա ներկայացնում է Բուլղարիան միջազգային հարաբերություններում և երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարն է։ Նախագահն ունի վետոյի իրավունք խորհրդարանում, սակայն դա կարող է չեղյալ համարվել մեծամասնության քվեարկությամբ։ Արտաքին հետախուզությունը նույնպես նրա վերահսկողության տակ է։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG