Մատչելիության հղումներ

Բուլղարիայի ափերի մոտ ծովային դրոնները հունական բեռնատար նավի են հարվածել

Բեռնատար նավ Սև ծովում, 14-ը հոկտեմբերի, 2026 թ.
Բեռնատար նավ Սև ծովում, 14-ը հոկտեմբերի, 2026 թ.

Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ, ծովային դրոնները հարձակվել են հունական կոնտեյներային նավի վրա, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը:

Նա հայտնել է, որ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը երեք հարված է ստացել Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Շաբլա քաղաքից մոտ 21 ծովային մղոն (մոտ 39 կիլոմետր) հարավ-արևելք։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի ռազմածովային ուժերը փրկարարական գործողություն են իրականացրել Ռումինիայի Կոնստանցա քաղաք ուղևորվող Contship Jet նավի անձնակազմին փրկելու համար:

Անձնակազմի բոլոր 18 անդամները տարհանվել են։ Ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Սև ծովի արևմտյան մասում թռչող ֆրանսիական ծովային պարեկային ինքնաթիռն է տեղեկացրել ջրային ինքնակառավարվող սարքեր նկատելու մասին:

Բուլղարական ռադիոն հաղորդել է, որ կոնտեյներային նավն Իսրայելի Հայֆա նավահանգստից էր դուրս եկել։ Դեռևս պարզ չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար։

Նույն օրը Սոֆիայում տեղի է ունեցել Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների և շտաբի պետերի արտահերթ նիստը։ Հանդիպման հիմնական թեման եղել է Սև ծովում քաղաքացիական նավերի անվտանգությունը։

Վերջին շաբաթների ընթացքում Բուլղարիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել առնվազն վեց առևտրային նավ։ Ուկրաինան Ռուսաստանի է մեղադրում այդ հարձակումների համար։ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ հարձակումները, կարծես թե, շահավետ են հենց Ռուսաստանի համար։ Ռուսաստանը հերքում է մեղադրանքները և պնդում, որ որևէ առնչություն չունի այդ հարձակումներին:

Հոկտեմբերի կեսերին էլ անօդաչուները Ռումինիայի ափերի մոտ էին լցանավի հարվածել, ինչից հետո նավի վրա հրդեհ էր բռնկվել:

Ռումինիան և Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամներ են: Մինչ այդ Reuters-ը հայտնել էր, որ առևտրային նավերի վրա բազմաթիվ հարձակումներից հետո հյուսիսատլանտյան դաշինքը որոշել է Սև ծովում լրացուցիչ պարեկային ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ռադարային համակարգեր տեղակայել:

ՆԱՏՕ-ն նաև տարածաշրջանում կտեղակայի հետախուզական ծառայությունների սպաների և մասնագետների խմբեր՝ պայթուցիկների դատաբժշկական վերլուծություն անցկացնելու համար։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG