Բուլղարիայի ափերի մոտ անօդաչուի հարվածից առևտրային նավ է խորտակվել

BETUL 8 բեռնատար նավը հարձակման ենթարկվելուց առաջ
BETUL 8 բեռնատար նավը հարձակման ենթարկվելուց առաջ

Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ, անօդաչու սարքերի հարվածից երեկ խորտակվել է Սոմալիի դրոշի ներքո նավարկող BETUL 8 բեռնատար նավը։

Անձնակազմի տասներկու անդամներին հաջողվել է փրկել, հայտնել է Բուլղարիայի տրանսպորտի նախարարությունը՝ նշելով, որ միջադեպի հետևանքով անձնակազմը լուրջ վնասվածքներ չի ստացել։

Անձնակազմի անդամներից ութը Թուրքիայի, չորսը Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք փրկվել են չորս նավերի մասնակցությամբ իրականացված փրկարարական գործողության ընթացքում: Նավերից երկուսը եղել են Բուլղարիայից, մյուս երկուսը Ռումինիայից և Թուրքիայից: BETUL 8-ը Ռումինիայի Տուլչեա նավահանգստից 3000 տոննա ցորեն էր տեղափոխվում Եգիպտոս:

Նավին անօդաչու սարքերի հնարավոր հարվածի մասին պաշտոնական հաղորդագրություն չկա: Սակայն փրկված նավաստիները Վառնայում լրագրողներին հայտնել են, որ նավին հարվածել են ջրային երկու անօդաչու սարք: Նավն աղետի ազդանշան է ուղարկել Կալիակրա հրվանդանից մոտ 75 կմ հարավ-արևելք գտնվելու ժամանակ:

Սև ծովում նավերի վրա այլ հարձակումներ

Ինչպես հաղորդում է Reuters-ը, հղում անելով ծովային անվտանգության հետևող Diaplous ընկերության տվյալներին, BETUL 8-ը հուլիսի կեսերից ի վեր Բուլղարիայի և Ռումինիայի ափերի մոտ հարձակման ենթարկված 17-րդ նավն է։

Միայն նոյեմբերի սկզբից ի վեր Ռումինիայի և Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել առնվազն 13 առևտրային նավ, ինչի հետևանքով զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 30 նավաստի։

Սևծովյան այս երկու երկրներն էլ մատնանշում են Ռուսաստանի ներգրավվածությունն այս հարձակումներում, մինչ ռուսական զինուժն արդեն հինգերորդ տարին շարունակում է պատերազմն Ուկրաինայի դեմ: Այնուամենայնիվ, Սոֆիան պարզաբանել է, որ չկան ուղղակի ապացույցներ այն մասին, թե ով է կանգնած այս հարձակումների հետևում:

ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների ափերի ջրերը մատակարարման հիմնական ուղի են դարձել Ուկրաինայի համար, որն հացահատիկի աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկն է։ ԵՄ-ն հայտարարել է, որ 50 միլիոն եվրո ֆինանսավորում կհատկացնի՝ Սև ծովում ծովային անվտանգության կենտրոնի ստեղծումն արագացնելու համար, ինչի մասին ի սկզբնանե հայտարարվել էր 2025 թվականին։

​
XS
SM
MD
LG