Միջազգային գրականության այս տարվա Բուքերյան մրցանակը կստանա 81-ամյա բրիտանացի գրող Մայքլ Ջոն Հարիսոնը՝ դառնալով այս մրցանակի ամենատարեց դափնեկիրը, հայտնում է բրիտանական The Independent-ը:
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ նա նաև դարձել է Բուքերյան մրցանակի առաջին դափնեկիրը, որը ներկայացնում է գիտաֆանտաստիկայի աշխարհը։
Մրցանակին, որի համար նա կստանա 50,000 ֆունտ ստեռլինգ (մոտ 60,000 եվրո), Հարիսոնն արժանացել է իր «Ամեն ինչի վերջը» (The End of Everything) երգիծական դիստոպիկ վեպի համար, որի գործողությունները տեղի են ունենում մոտ ապագայում՝ Լա Մանշի ափին։
Սյուժեի համաձայն՝ տեղի է ունեցել աղետ, որն ազդել է ողջ մարդկության վրա և հանգեցրել է խորհրդավոր այլմոլորակային արարածների ներհոսքի դեպի Բրիտանիա:
Ժյուրիի նախագահ, պատմաբան Մերի Բիրդը նշել է, որ գիրքը ներկայացնում է «ներկայիս քաղաքականությունը՝ ապագայի տեսանկյունից» և նկարագրում է մի հասարակություն, որն «աղետի մեջ է, սակայն իրականում չի հասկանում դա»։
Այս տարվա ժյուրիի կազմում էր նաև բրիտփոփ Pulp խմբի հիմնադիր և վոկալիստ Ջարվիս Քոքերը։
2026 թվականի Բուքերյան մրցանակի վեց վեպից բաղկացած կարճ ցուցակում, ի թիվս այլոց, ներառված էին երկու նախկին դափնեկիրներ՝ ճամայկացի Մարլոն Ջեյմսը և շոտլանդացի Դուգլաս Ստյուարտը։
Հարիսոնի մասին
Մայքլ Ջոն Հարիսոնը, որը հրատարակվում է Մ. Ջոն Հարիսոն անվամբ, առաջին անգամ սկսել է հրատարակվել «Նոր աշխարհներ» գիտաֆանտաստիկ ամսագրում 1960-ականներին: Հետագայում Հարիսոնն աշխատել է որպես հրատարակության գրքերի խմբագիր:
Նա հրատարակել է 13 վեպ։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են «Վիրիկոնիում» (Viriconium) շարքը, ինչպես նաև «Լույս» (Light) և «Նովա Սվինգ» (Nova Swing) վեպերը։
Չնայած Հարիսոնը չի սիրում, որ իրեն դասակարգում են որևէ առանձին ժանրի գրող, նրան անվանել են «գիտաֆանտաստիկայի տիտան»։ «Նա իսկապես ինքնատիպ մտածող է, գրող, որը ձևավորել է իր սեփական ժանրը և լուրջ է վերաբերվում գաղափարներին», - ասել է Բուքերյան մրցանակի հիմնադրամի ղեկավար Գաբի Վուդը:
Մրցանակի պատմությունն ու նախորդ դափնեկիրները
Բուքերյան մրցանակը հիմնադրվել է 1969 թվականին: 2014 թվականից ի վեր դրան կարող է հավակնել ցանկացած անգլերեն գրող, որի գիրքը հրատարակվել է Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում:
Անցյալ տարի Բուքերյան մրցանակը շնորհվել է կանադական և հունգարական ծագումով բրիտանացի գրող Դեյվիդ Սեյլիին իր «Մարմին» (Flesh) վեպի համար, որն ուսումնասիրում է տղամարդկայնության, դասի և իշխանության թեմաները:
2024 թվականին մրցանակը շնորհվել է բրիտանացի գրող Սամանտա Հարվիին իր «Ուղեծրում» վեպի համար, որը պատմում է Միջազգային տիեզերակայանում վեց տիեզերագնացների կյանքի մեկ օրվա մասին: