Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում նախագահական նստավայրի առջև, այնուհետև քաղաքացիներից մեկն անժամկետ նստացույց սկսեց՝ պահանջելով ազատ արձակել արցախցի Արթուր Օսիպյանին։
Արաբկիրում վարչապետի հետ վիճաբանությունից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը: Նրա փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Օսիպյանը բողոքի ծայրահեղ միջոցը չի դադարեցնի, մինչև «իրեն փախած անվանելու, իր արժանապատվությունը վիրավորելու համար Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի»:
Արցախցի Արթուր Օսիպյանը թեժ վիճաբանության ժամանակ վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը, քննադատում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը: Ի վերջո, սակայն, բանը հասավ վիրավորանքների, երբ ակտիվիստն ասաց, թե Ալիևը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում: Ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով:
Վարչապետը, սակայն, չի պատրաստվում ներողություն խնդրել արցախցի Արթուր Օսիպյանից. «Նա պիտի ներողություն խնդրի ու իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները: Գիտեք՝ մենք չգիտե՞նք նրա և Ղարաբաղի իշխանության կապերի մասին, թվում է, որ մենք տենց միամի՞տ ենք», - ասել էր Փաշինյանը:
Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները Օսիպյանի կալանավորումը ապօրինի են որակում ու պնդում, որ դա քաղաքական է: