«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին վերահաշվարկի գործընթացի մեջ է, այսօր հրավիրված ասուլիսում հայտնեցին կուսակցության ներկայացուցիչները:
Պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանն ասաց, որ, օրինակ՝ մի քանի ընտատեղամասերի արձանագրությոյւնների քաղվածքներում երևում է, որ կուսակցությունը 120 ձայն է ստացել, բայց ԿԸՀ-ի հրապարակած ցուցակներում անճշտություն են նկատել: Վարդանյանի փոխանցմամբ՝ այժմ այդ քաղվածքները ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի ճշգրտումներ կատարվեն:
«Մենք այս պահին ԿԸՀ-ին ենք ներկայացրել, սպասում ենք անճշտությունների ուղղմանը և պարզաբանմանը, թե ինչպես է տեղի ունեցել այդ անճշտությունը»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ կուսակցությանը մի քանի տասնյակ ձայն է պակասում, որ հնարավորություն կտա հաղթահարելու անցողիկ 4 տոկոսը:
Այս պահին «Բարգավաճ Հայաստան»-ն ունի 3.99 տոկոս քվե և չնչին տարբերությամբ դուրս է մնում ձևավորվող Ազգային ժողովից: