Արթիկցիները պատրաստվում են կիրակի կայանալիք ընտություններին:
4 քաղաքական ուժ է պայքարում, ընդ որում 3-ը գործող ավագանին ներկայացնող քաղաքական ուժերն են, նորելուկը`ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն է: «Հայրենիքի» թեկնածուն՝ 2018-ին մի քանի ամիս սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Վահրադյանն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին:
Թեև արթիկցիները լարվածություն չեն նկատել, բայց ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը խոսում են և՛ լարվածութունից, և՛ ճնշումներից:
«Ճնշումներ մեր ավագանիների վրա, անտեղի հրավիրում են ոստիկանություն՝ չգիտես՝ ինչո՞ւ»,- պատմում է Արթիկի նախկին համայնքապետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակը գլխավորող Մխիթար Վարգյանը:
Վարագյանը պնդում է, որ իշխող ուժը վարչական ռեսուրս է կիրառում: «Գնում են հիմնարկներ, ստիպողաբար մարդկանաց կանչում են իրենց շոուներին»,- պատմում է թեկնածուն։
Վարչական ռեսուրսի չարաշահման մասին է բարձրաձայնում նաև «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արթուր Աստոյանը:
«Աշխատակազմը ամբողջ տեմպերով դպրոցների, մանկապարտեզների, բոլորն էլ մասնակցել են քարոզարշավին»,- ասում է Աստորյանը։
Գործող համայնքապետ, ՔՊ-ի ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանը հակադարձում է՝ եթե կոնկրետ փաստեր ունեն, թող ներկայացնեն:
«Ես էդ վարչական ռեսուրս չարաշահել բառը չեմ հասկանում: Քարոզարաշավին մասնակցել են իմ թիմակիցները։ Եթե համայնքապետարանի աշխատողներ էլ են եղել, էդ մարդիկ գտնվել են արձակուրդում, որը օրենքի սահմաններում լրիվ թույլատրելի է»,- «Ազատությանը» պատմեց Ոսկանյանը։
Անանիկ Ոսկանյանը 5 տարի առաջ համայնքապետ ընտրվեց կոլացիա կազմելով, որն այս ընտրություններից մի քանի ամիս առաջ խզվեց: Հիմա, պնդում է, կոալիցիա կազմելու կարիք չի լինի ու դրա մասին անգամ չի էլ մտածում:
Ընդդիմադիր թեկնածուները ևս իրենց շանսերը բարձր են գնահատում, ասում են՝ եթե միայնակ իշխանությունը չվերցնեն, պատրաստ են կոալիցիա կազմել, բայց ոչ ՔՊ-ի հետ:
Արթիկում հիմնական մրցակցությունը նախկին ու գործող համայնքապետերի միջև է: Նախորդ ընտրություններում Մխիթար Վարագյանի թիմը 2-րդ ուժն էր ավագանիում, բայց ՔՊ-ական Ոսկանյանը Վարագյանին մրցակից չի համարում:
«Ավագանու երկրորդ ուժն է, բայց էս 5 տարիների ընթացքում չեմ տեսել ավագանու նիստում, որ էսօր մրցակից համարեմ.... մարդիկ իրենց թիմից ցանկություն են հայտնել ընտրվել մեր ավագանիի ցուցակում»։
Իշխող ուժի թեկնածուն խոսում է խոշորացված համայնքում կառավարության իրականացրած մոտ 22 մլրդ դրամի ծրագրերի մասին, իսկ ընդդիմադրի պնդմամբ՝ հատկապես գյուղերում ոչինչ չի փոխվել:
2 օրից պարզ կդառնա՝ 54 հազար բնակչություն ունեցող Արթիկ խոշորացված համայնքում 4 ուժերից որը կամ որոնք կստանձնեն իշխանությունը: Ի տարբերություն Արթիկի, Շիրակի մարզի երկրորդ խոշորացված համայնքում՝ Ախուրյանում, միայն իշխող ՔՊ-ն է պայքարի դուրս եկել, մրցակից չունի։