Շաբաթ երեկոյան Բեռլինի ԼԳԲՏ համայնքի մարդաշատ միջոցառման ժամանակ զանգվածային վրաերթի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել են, ոմանց կյանքին վտանգ է սպառնում։ Իրավապահները որոնում են մեղավորներին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունից։
Ըստ ամենայնի դիտավորյալ հարձակումից ժամեր անց էլ շատ մանրամասներ դեռ անհայտ են։ Այդուհանդերձ, ոստիկանության հաղորդմամբ՝ ամբոխի մեջ մխրճված ավտոմեքենան մի շարք մարդկանց է հարվածել, այնուհետև բախվել ծառին, երբ ներխուժել է Բրանդենբուրգյան դարպասների մոտակայքում գտնվող կենտրոնական Տիրգարտեն զբոսայգի։
Ավելի ուշ ոստիկանությունից մանրամասնել են, որ որպես կասկածյալ որոնում են «Բեռլինի իսլամիստական շրջանակների անդամի» և միջոցներ են ձեռնարկում նրան ձերբակալելու ուղղությամբ։
«Մենք այժմ նույնականացրել ենք ենթադրյալ հանցագործին։ Նա դեռ ձերբակալված չէ, և նրա դեմ միջոցառումներ են իրականացվում։ Այնուամենայնիվ, այս ենթադրյալ հանցագործը ոստիկանությանը հայտնի է որպես այստեղ՝ Բեռլինում, իսլամիստական շրջանակների անդամ», - լրագրողներին ասել է ոստիկանության խոսնակը։
Գերմանիայում զանգվածային վրաերթերի մի շարք դեպքեր են արձանագրվել վերջին տարիներին, ընդ որում՝ մարդկային զոհերի ելքով։
Մայիսին մի տղամարդ, որը, ենթադրվում է, հոգեկան առողջության խնդիրներ ուներ, ավտոմեքենայով մխրճվել էր Լայպցիգ քաղաքի կենտրոնական հետիոտնային գոտի, ինչի հետևանքով երկու մարդ էր զոհվել, իսկ երեքը՝ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։