Մատչելիության հղումներ

Բացահայտվել է վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։

Հաղորդվում է, որ 2024-ից օտարերկրյա պետությունում բնակվող Մ․Մ․-ն առնվազն 4 անձանց հետ խմբի կազմում ինքնությունը քողարկելու նպատակով ձեռք են բերել հանդերձանք և դիմակներ, ինչպես նաև վարչապետի գտնվելու վայրերի, քարոզարշավի երթուղիների վերաբերյալ հավաքել են տեղեկություններ՝ այդ կերպ նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով և դիմակավորված, տեսաձայնագրել և տարածել են տեսաուղերձ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որի ընթացքում հնչեցրել են սպառնալիքներ:

Մ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական գործունեության կատարման հետ), 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։

Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ՝ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անհայտ ծագման մի տեսանյութ էր ցուցադրել, որում դիմակավորված անձինք Արցախի բարբառով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ էին հնչեցնում

Ավելի ուշ հրավիրված ասուլիսում արդեն վարչապետը հայտնել էր՝ օպերատիվ տեղեկություններով այդ անձինք 2024-ից Հայաստանում չեն։

Արաբկիրում քարոզարշավի ժամանակ թեժ վիճաբանություն էր սկսվել վարչապետի ու մի կնոջ միջև: Կինը մեղադրեց Փաշինյանին «երկիրը քանդելու մեջ», վարչապետն էլ արձագանքել էր. «Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք: Եվ ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ վիդեոներ են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Ղարաբաղի ակցենտով, մասկաներով վիդեո են տարածում, ասում ենք՝ դուք վախկոտ, համբալներ եք, ովքեր փախել են մարտադաշտից: Հանեք ձեր մասկաները՝ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու...չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը»,- բարկացած ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին ուղղված «Ազատության» հարցին ի պատասխան Փաշինյանը ցույց էր տվել այն տեսանյութը, որի մասին խոսում էր և ասաց, որ դրա թիկունքում իր մրցակիցներն են կանգնած. «Մասկեքովին սպառում եմ կոնկրետ ուժային գործողություններով, սաստիկ ուժային գործողություններով սպառնում եմ, սրանց սատկացնելու եմ: Նաև մրցակիցներին սպառնում եմ ՀՀ օրենսդրությամբ և արդարադատությամբ, սպառնում եմ 5000 զոհ ասելու համար, կոնկրետ սպառնում եմ՝ Ռոբիկ, կալուգացի, Սերժ, Գագո, բոլորիդ սպառնում եմ»,- նշել էր վարչապետը:


XS
SM
MD
LG