Մատչելիության հղումներ

Արդարացի՞ են բարձր տոկոսադրույքները. ԿԲ-ն արձագանքել է

«Ազատություն» ռ/կ-ը ներկայացնում է «Թվերից այս կողմ» շարքի չորրորդ հրապարակումը:

Ցածր տոկոսադրույքներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել մարդկանց պարտքի ավելացմանն ու վարկային պարտավորությունները չկատարելու էլ ավելի բարձր մակարդակի, քանի որ հասարակությունը ցածր տոկոսադրույքների պայմաններում կարծում է, որ կարող է ավելի շատ պարտք վերցնել: Այս պնդումն արել է Կենտրոնական բանկը «Ազատությանն» ուղարկած պատասխանում:

Հարցրել էինք՝ արդյոք գլխավոր դրամատունը վարկային տոկոսների ուղիղ սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն չի՞ տեսնում:

Թեև Կենտրոնական բանկը նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն՝ բանկերին ավելի մատչելի պայմաններով դրամական միջոցներ տրամադրում, քաղաքացիներին առաջարկվող վարկերը ոչ միայն չեն էժանանում, այլև ընդհակառակը՝ դեռ մի բան էլ ավելի թանկանում: Բանկերը միջոցներ են ներգրավում 6.5 տոկոսով, քաղաքացիներին վարկեր տրամադրում մի քանի անգամ ավելի թանկ:

«Ազատությունը», նույն տվյալները համեմատելով տասնյակ այլ երկրների թվերի հետ, պարզել էր՝ Հայաստանում այդ տարբերությունը շատ ավելի մեծ է:

«Մենք տոկոսադրույքը էականորեն նվազեցրել ենք, բայց դրան զուգահեռ երկրում կա երեք տարի բարձր տնտեսական աճով պայմանավորված, արտաքին պահանջարկով պայմանավորված հսկայական պահանջարկ վարկային պրոդուկտների նկատմամբ, այս պահի դրությամբ տոկոսադրույքները դեռևս նվազման միտում ցույց չեն տալիս», - ավելի վաղ ասել էր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա 1.5 տարի առաջ ենթադրում էր, որ բանկերի տոկասադրույքներն ապագայում կնվազեն, այժմ վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելի ցածր է՝ 6.5: Մարտին Գալստյանի ենթադրությունը, սակայն, մինչ այս պահը իրականություն չի դարձել, այլ ուղիղ հակառակն է տեղի ունեցել՝ բանկերի կառավարիչներն անցած տարեվերջին էլ իրենց սեփականատերերին կարող էին զեկուցել ֆինանսական ռեկորդային ցուցանիշների մասին:

Հինգ տարվա ընթացքում հայաստանյան 5 խոշոր բանկերը միասին հարկերը վճարելուց հետո շուրջ 2.6 միլիարդ դոլարի մաքուր շահույթ են ունեցել:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG