Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուրբաթ օրը հայտնել է, որ հունվարին Բանգլադեշի հյուսիսում մահացել է մի կին, ով վարակվել էր մահացու Նիպահ (Nipah) վիրուսով:
Բանգլադեշում գրեթե ամեն տարի այս վիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվում: Ավելի վաղ նաև հարևան Հնդկաստանում էր գրանցվել վարակի երկու դեպք, որից հետո Ասիայի օդանավակայաններում խստացրել էին ստուգումները:
Հիվանդը, ըստ ԱՀԿ-ի, չի ճանապարհորդել, բոլորը, ովքեր շփվել են նրա հետ, գտնվում են հսկողության տակ, և նրանց վիրուսի թեստերը բացասական են եղել:
Նիպահը վարակ է, որը տարածվում է հիմնականում չղջիկներով վարակված մթերքների միջոցով, ինչպիսիք են մրգերը: Դեպքերի մինչև 75 տոկոսի դեպքում այս հիվանդությունը կարող է մահացու լինել, բայց այն հեշտությամբ չի փոխանցվում մարդուց մարդուն:
ԱՀԿ-ն նշել է, որ հիվանդության միջազգային տարածման ռիսկը համարվում է ցածր, և ներկայիս տեղեկատվության հիման վրա խորհուրդ չի տալիս որևէ սահմանափակում մտցնել ճանապարհորդության կամ առևտրի վրա:
Ներկայումս չկան լիցենզավորված դեղամիջոցներ կամ պատվաստանյութեր այս վարակի դեմ: