Այսօր Բաքվում կայացել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» առցանց հանրագիտարանի շնորհանդեսը։
APA գործակալության փոխանցմամբ՝ ժողովածուն կազմվել է Բաքվում գործող Ռազմավարական հաղորդակցության կենտրոնի կողմից։
«Նախագծի շրջանակներում հատուկ կայք է ստեղծվել, որի ութ բաժինները տեղեկատվություն են ներառում «Արևմտյան Ադրբեջանի» աշխարհագրական պայմանների, պատմական աշխարհագրության, հնագիտության, ազգագրության վերաբերյալ։ Անդրադարձ կա քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմական և մշակութային պատմությանը», - տեղեկացնում է АPA գործակալությունը։
Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։
Վերջերս էլ Համբուրգում լրագրողների հետ զրույցում Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե «վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է»: «Ադրբեջանը մի կողմից ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է՝ «գրված է՝ ղարաբաղյան հայեր: ... Եվ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: